22-ը ապրիլի, ուրբաթ: Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ավանդական օրվանից երկու օր առաջ Ավետիսյան դպրոցի բակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող ձգվեց շուրջ երեք տասնյակ ավտոբուսների շարանը, որին սկզբից և վերջից ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության մեքենաները: Դպրոցի տնօրենության որոշմամբ թե՛ օրվա ընտրությունը և թե՛ ոստիկանական ուղեկցությունն արված էին 700-ից ավելի աշակերտության, ծնողների և մանկավարժների անվտանգության ապահովման նկատառումներով:

Եվ ահա դասարան առ դասարան, զույգ-զույգ դեպի անմար կրակն են իջնում մեծ ու փոքր ավետիսյանցիները և անմար կրակին խոնարհում ձեռքերի ծաղիկները: Նախակրթարանի փոքրիկները թարմ ծաղիկներից բացի վայր են դնում նաև իրենց «անմոռուկները»…

«Թեև հայ ժողովրդի համար աղետալի ժամանակից 107 տարի է անցել, սակայն ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, մենք պետք է ապրենք, պաշտպանենք և ծաղկեցնենք բոլոր հայերի հայրենիք Հայաստանը՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի և ի հեճուկս վերահաս աղետների ու փորձությունների»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

Այնուհետև վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի առաջնորդությամբ երկինք հղվեց աղոթք առ Աստված. «Հայր մեր»-ի միահամուռ ելևէջները բարձրացան մինչև ալեհեր Մասիս, որն ասես ուշիուշով հետևում էր խոնարհումի և ոգեկոչումի այս արարողությանը:

Ավետիսյանցիները դպրոց վերադարձան նույն կարգով՝ կազմակերպված և անվտանգ: