Այդ պատասխանատվությունը նաեւ մերն է

«Անկախությունը պետություն կառուցելու ամենօրյա աշխատանք է: Այն պատասխանատվություն է սեփական երկրի, ժողովրդի եւ ապագա սերունդների հանդեպ: Եվ այսօր այդ պատասխանատվությունը նաեւ մերն է»:

Այս էր մեր Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված հանդեսի հիմնաթեման՝ լեյտմոտիվը, որը շատ գեղեցիկ եւ տպավորիչ ներկայացրին 11-րդ «բ» դասարանի (դասղեկ՝ Մերի Հակոբյան) աշակերտները: Հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորման (ղեկավար՝ Աստղիկ Ալեքսանյան) եւ պատմաբնագիտական մեթոդմիավորման պատմության ամբիոնի (պատմության ուսուցիչ՝ Մարիամ Բեգլարյան) այս համատեղ միջոցառումը հպարտության, զգոն հայրենասիրության եւ արժանապատիվ հաստատակամության մի շաղախ էր, որով տոգորվեց ամբողջ դահլիճը:

Առանձնապես տպավորիչ էր հանդեսի ավարտը՝ «լրագրող» Լիլիթի եւ 35-ամյա Հայաստան-Արտյոմի հարցազրույցը բեմում. դիմելով իր ունկնդիրներին եւ հանձինս նրանց՝ մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունն իր ծննդյան օրվա առթիվ նվերներ չուզեց: Նա չուզեց, որ պարզապես այսօր իրեն ավելի շատ սիրենք, քան երեկ: Նրա ցանկությունն էր, որ ավելի լավ ճանաչենք իրեն, տեսնենք ոչ միայն այն, ինչով կարող ենք հպարտանալ, այլեւ այն, ինչը դեռ պիտի փոխել: Որ իրեն չպահենք միայն երգերի, կենացների ու գեղեցիկ խոսքերի մեջ:

«Ես ձեր ամենօրյա աշխատանքի մեջ եմ, ձեր ստեղծածի մեջ, ձեր ընտրության մեջ»:

Ամփոփվեցին նաեւ Անկախության տոնի կապակցությամբ անցկացված մրցույթների արդյունքները. պատվոգրեր հանձնվեցին հայրենասիրական թեմայով շարադրության մրցույթում հաղթած բարձրդասարանցիներին, դպրոցի զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանը պատվոգրեր հանձնեց Ավետիսյան դպրոցի եւ ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի կողմից անցկացված հրաձգության մրցույթների հաղթողներին, նաեւ ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի պատվոգիրը՝ դպրոցի տնօրեն Սարին Խաչիկյանին՝ դպրոցականների հայրենասիրական դաստիարակության մեջ ներդրման համար:

ԴՕՍԱԱՖ-ի հաղթական գավաթը դահլիճից դուրս բերեցին խմբովի: