Հունվարի 28. ՀՀ բանակի օր
Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Ավետիսյան դպրոցը հյուրընկալեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանին, արցախյան վերջին ազատամարտի մասնակիցներ, դպրոցի շրջանավարտներ Վահագն Գյունաշյանին եւ Արսեն Ծառուկյանին:
Տնօրեն տիկին Մ. Գեղամյանն իր հակիրճ ելույթով մեկ անգամ եւս ոգեկոչեց ոչ հեռավոր 90-ականների սկիզբը, հիշեց եւ հիշեցրեց մեր նորանկախ երկրի բանակի սաղմնավորման եւ կազմավորման «ականապատ» ուղին: Դահլիճը խոնարհվեց մեր հերոս «…քաջերի փառքին, Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում, Եվ ընկածների սուրբ հիշատակին, Որ երկընքից են այժմ իրենց նայում»:
Լռության րոպեն ավելի քան խոսուն էր…
Այնուհետեւ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը ակադեմիայի «Ասպետաց խաչ» մեդալը հանձնեց Վ.Գյունաշյանին եւ Ա. Ծառուկյանին, պատմեց դրվագներ մեր հերոսական բանակի ուղուց:
Բանակի օրվան նվիրված հրաձգության մրցումներում լավագույն միավորներ հավաքած պատանիներն արժանացան «Ասպետաց ակադեմիայի» եւ դպրոցի ղեկավարության պատվոգրերի, իսկ դպրոցի զինղեկ, գնդապետ Եփրեմ Մազմանյանին բարձրդասարանցիների հայրենասիրական պատշաճ դաստիարակության համար հայտարարվեց շնորհակալություն: