2025-2026 ուստարվա ամառային թեժ քննաշրջանին զուգահեռ՝ Ավետիսյան դպրոցում շարունակվում, ավարտին էին հասցվում մայիս-հունիսյան արտադպրոցական-ժամանցային ձեռնարկները, կազմակերպվում նորերը: Եվ այսպես…

  • 11-րդ «բ»-ն դասղեկ Ա. Հովսեփյանի հետ կրթական այցելությունների մի անմոռանալի օր անցկացրեց Լոռիում, ծանոթացավ եկեղեցիներին ու քարայրերին, վայելեց կակաչների դաշտերի գեղեցկությունը:
  • Իսկ Աշոտ Բալյանի ութերորդցի սաները մրցեցին աշխարհի գեղեցկության, մեծության, բազմազանության եւ հարստությունների վերաբերյալ իրենց գիտելիքներով:
  • 3-րդ «ա», «բ», «գ» դասարանների (դասվարներ՝ Գ. Գրիգորյան, Ս. Գրիգորյան, Ա.Մելքումյան) 61 փոքրիկները «Հրաժեշտի տոնին» հուզեցին եւ ուրախացրին բոլոր ներկաներին, զրնգուն ձայնակցեցին դաշնամուրի վարպետ նվագակցությանը (երաժշտության ուսուցիչ՝ Գ. Բարակյան), եւ յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ դպրոցի տնօրենի նվերը՝ «Իմ առաջին պատկերազարդ Աստվածաշունչը»:
  • Լիլիթ Բախշյանի սաները յուրովի շարունակեցին եւ զարգացրին հայ ժողովրդի դարավոր բանավեճը՝ «Վարդանա՞նք, թե՞ վասակյանք»…
  • Պատանի հետազոտողների «Կոպեռնիկոս» ակումբը իր մենթորի՝ ֆիզիկայի ուսուցչուհի Ն. Մարգարյանի գլխավորությամբ մասնակցեց Գյումրիում Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած գիտական պիկնիկին: Ակումբի անդամ 10-րդցի Մանե Սահակյանը հանրապետության պատանի ֆիզիկոսների լավագույն քառյակի կազմում մասնակցեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած միջազգային գիտական պիկնիկին եւ վերադարձավ մրցանակով:
  • 4-րդ «գ» դասարանի փոքրիկ բնագետները (դասղեկ եւ ուսուցիչ՝ Ա. Հայրապետյան) զարմանահրաշ բացահայտումներ արեցին «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում:
  • 7-րդ «ա», «բ», «գ» դասարանները դասղեկների (Ն. Սահակյան, Վ. Ասատրյան, Լ. Բարսեղյան) եւ պատմության ուսուցիչների (Շ. Բաբայան, Մ. Բեգլարյան, Ա. Հովսեփյան) հետ «Սովորում ենք խաղալով» կրթական ծրագրի շրջանակում հագեցած եւ անմոռանալի օր անցկացրին Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
  • 4-րդ «բ»-ն (ուսուցիչ՝ Ն. Գրիգորյան) «Հեքիաթախաղ» մրցույթի հրավիրեց զուգահեռ երկու դասարանններին (ուսուցիչ՝ Ա, Դավթյան): Խաղը համեմվեց ծափ ու ծիծաղով:
  • 8-րդ «գ»-ն (դասղեկ՝ Ն. Թունյան, ծնողական կոմիտեի նախագահ՝ Ռ. Հարությունյան) օգտահանման եւ վերամշակման համար հավաքեց պլաստիկ շշերի խցաններով լցված 5-լիտրանոց վեց տարա:
  • Տարվա շրջանավարտները գեղեցիկ ֆլեշմոբ ցուցադրեցին դպրոցի բակում, նրանցից Նիկան եւ Սոնան դպրոցին նվիրեցին իրենց ստեղծած «Գրական լաբիրինթոսը»:
  • Աշխույժ եւ «անհանգիստ» ամառը շարունակվեց դպրոցի ամառային ճամբարում:

Առջեւում 2026-2027 ուսումնական տարին է՝ իր մարտահրավերներով, նոր ծրագրերով, ինչու չէ, նաեւ նոր թռիչքներով։

Գա՜լդ բարի, նո՛ր ուստարի…