Ավետիսյանցի ապագա ստարտափականներին գործուն եւ անձնական փորձով հիմնավորված խորհուրդներ տվեց ավագ դպրոցի նոր հյուրը՝ SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:
Նա պատանիների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարեւոր գործոնների վրա, որոնք են՝
- հնարավորինս շատ ուսումնասիրիր աշխարհը, այն միայն սեւ-սպիտակ չէ. կյանքում դրամա միշտ էլ կա, հաշվի նստիր այդ իրողության հետ.
- չհուսահատվե՛ս ձախողումից, քանի որ յուրաքանչյուր անգամ դու քայլ ես անում դեպի հաջողություն, ձեռք ես բերում կյանքի մի նոր հմտություն.
- խոստում տուր, միայն շատ կարեւոր, քիչ դեպքերում. խոստումդ կատարի՛ր. իսկ եթե չես կարողանում, ընդունի՛ր եւ խոստովանի՛ր. նաեւ այդպիսով է ձեւավորվում քո հեղինակությունը շրջապատում.
- մարզվի՛ր, եւ ոչ միայն մտավորապես, այլեւ ֆիզիկապես.
- սովորի՛ր, ինչ կարող ես՝ ծրագրեր, լեզուներ, նախագծեր…
- լա՛վ վերաբերվիր մարդկանց. քո քննադատությունը թող արվի սիրով, այլ չլինի բացասական կամ թեկուզ՝ չեզոք.
- հիշի՛ր, որ ճշմարիտը, ճշմարտացին հաղթում է նույնիսկ ուժեղին.
- ձեւավորված մասնագետի եւ, ընդհանրապես, մարդու ամենամեծ արժանիքը ինքնահարգանքն է:
Հանդիպման ավարտին 9-12-րդ դասարանցիները Հ. Քաղկեցյանին ուղղեցին իրենց հուզող տարաբնույթ հարցեր՝ կողմնորոշման, մասնագիտական հմտության, որոշակի իրավիճակներում լուծում գտնելու, Հայկական ստարտափների հաջողության եւ հեռանկարների վերաբերյալ: