Ուրախալի լուր

«Պատանի հետազոտողների ակումբ» (ՊՀԱ) միջազգային ծրագրի գործուն մասնակից է Ավետիսյան դպրոցի ՊՀԱ ակումբը: Նրա անդամներն իրենք են հետաքրքիր թեմաներ փնտրում եւ դասագրքերին նայելու փոխարեն սեփական փորձերի միջոցով ստանում պատասխաններ: Ակումբի ղեկավար, ֆիզիկայի ուսուցիչ Նարինե Մարգարյանի գլխավորությամբ մեր փոքրիկ գիտունիկները բնագիտական բազմազան փորձեր են անում եւ, որ շատ կարեւոր է, պատրաստի լուծումներ փնտրելու փոխարեն գերադասում են հանգել սեփական եզրակացությունների: Ավետիսյան դպրոցի «կոպեռնիկոսները» համոզված են, որ երբեմն սխալները նույնպես արժեքավոր են, քանի որ դրանք սովորեցնում են գտնել խնդիրների լուծում:

«Կոպեռնիկոս» ծրագրի շուրջ երկամյա աշխատանքի արդյունքներով Ավետիսյան դպրոցի պատանի հետազոտողների ակումբը գրավեց երկրորդ պատվավոր տեղը եւ արժանացավ դիպլոմի ու նվերների (սարքեր, փորձանյութեր):

Ակումբի ղեկավար եւ մենթոր Ն. Մարգարյանին հանձնվեց «Կոպեռնիկոս» միջազգային գիտական կենտրոնի դիպլոմ:

Գիտությունը, ինչպես եւ կյանքը, կանգ չի առնում ոչ մի վայրկյան, եւ մեր փոքրիկ բնագետները շարունակում են իրենց պրպտումներն ու բացահայտումները: Ավելացնենք, որ Հայաստանում ՊՀԱ միջազգային ծրագրի ստեղծմանն աջակցում են «Ջինիշյան» հիմնադրամը, Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնը (Լեհաստան) եւ Բյուրականի աստղադիտարանը: