Ինչպե՜ս կարելի է չսիրել ֆրանսերենը
Այսպիսի հարց կարող են ձեզ տալ ավետիսյանցիները: Քանզի «սիրո լեզուն» խոր արմատներ ունի Ավետիսյան դպրոցում եւ շուրջ երկու տասնամյակ նրա կամարների ներքո միախառնվող լեզուների խմբերգում առանձնանում է իր ինքնատիպ հնչողությամբ ու մեղեդայնությամբ:
Դպրոցի գրադարանի ընթերցողները լավ գիտեն ֆրանսիական, նաեւ ֆրանսերենով գրականության դարակները, վիկտորինաներում, խաղ-մրցույթներում ամենահետաքրքիրներից են «ֆրանսիական» հարցերը, տարբեր միջոցառումների ժամանակ հնչում է ֆրանսիական երաժշտությունը, բեմականացված ներկայացվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի կերպարը, ֆրանսերենի ուսուցչուհիներ Գայանե Նահապետյանի եւ Եվա Ֆարմանյանի շուրջը միշտ խմբված են նրանց սաները՝ հարցերով, նորություններով կամ պարզապես զրուցելու համար… Եվ ամենեւին զարմանալի չէ, որ ավետիսյանցիները պարբերաբար մրցանակային տեղեր են զբաղեցնում ֆրանսերենի արտադպրոցական, հանրապետական եւ ավելի ընդգրկուն մրցույթներում:
Հաջողությունների առումով բացառություն չէր նաեւ ընթացիկ ուստարվա երկրորդ կիսամյակը. նախ «Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից պատվոգրերով վերադարձան VII «գ» դասարանի աշակերտ Աղաջանյան Դավիթը (1-ին տեղ) եւ XII «բ» դասարանի աշակերտ Հարությունյան Վահագնը (2-րդ տեղ), իսկ հետո ֆրանսերենի օլիմպիադայի հանրապետական փուլից 2-րդ կարգի դիպլոմով վերադարձավ X «ա» դասարանի աշակերտուհի Լիդա Գեւորգյանը:
Դասընկերներն ու ուսուցիչները նրանց շնորհավորեցին ոչ միայն հարազատ մայրենիով, այլեւ սիրելի ֆրանսերենով:
Մենք սիրում ենք ձեզ, Ֆրա՛նսիա եւ ֆրանսերե՛ն: