Ավանդույթը շարունակվում է

Տարեմուտին այսքան մանկան ժպիտ կավելանա մեր հանրապետությունում եւ ասել է թե՝ ամբողջ աշխարհում: Քանզի Ձմեռ պապի այցին սպասելուց հոգնած երեխաների համար տոնական նվերների հենց այդքան ստվար տուփեր պատրաստեցին ավետիսյանցիները Ամանորի նախաշեմին:

Աշխատեցին հերթափոխով, ժրաջան մեղուների պես, դասամիջոցներին, դասերի վերջում, նույնիսկ շաբաթ օրը: Բարձր դասարանների աշակերտները, AMAA-ի կրթաթոշակառու ուսանողները, պատանյաց եւ թատերական խմբակների անդամները, բոլոր-բոլորն իրենց ստանձնած գործն արեցին սրտանց: Անշուշտ, նրանց կողքին էին ավագ ընկերները, որոնցից հատկապես պետք է նշել մանկավարժներ Լ. Մարգարյանին, Լ. Սահակյանին, Լ. Բախշյանին: Նվերների փաթեթավորման աշխատանքն արվեց ընդամենը երեք օրում:

Կանցնեն հաշված օրեր, եւ Ձմեռ պապը տեղ կհասցնի ավետիսյանցիների տուփերը՝ հասցե առ հասցե, անուն առ անուն:

Ինչքա՜ն տխուր աչքեր կժպտան այդ պահերին, պատկերացրե՛ք:

Բարեգործության այս ավանդույթը դպրոցը պահպանում է սրբորեն: