Մայրենին՝ ամեն օր

Մայրենիի պաշտպանությունն Ավետիսյան դպրոցում սկզբունքային հարց է: Ահա թե ինչու այն չի ամփոփվում միայն Մայրենի լեզվի պաշտպանության միջազգային օրվա մեջ: Այդ օրը պարզապես յուրատեսակ հանրագումարի է բերվում մեր ոսկեղենիկ լեզվի մաքրության համար ամբողջ տարի չընդհատվող տքնաջան աշխատանքը: Փետրվարի 21-ը հրաշալի առիթ է՝ ի ցույց դնելու մինչ եւ այդ կատարված եւ, անշուշտ, շարունակելի անելիքները:

Ահա հերթով բեմ են բարձրանում մայրենիի ուսուցիչներ Ն. Սահակյանի, Կ. Իշխանյանի, Զ. Սարգսյանի, Ռ. Կաղյանի սաները: Նրանք արեւելահայերեն եւ արեւմտահայերեն գեղեցիկ ասմունքով, մաշտոցյան տառերին եւ հայոց լեզվին նվիրված երգերով, բեմականացումներով, «Բողոքում են բառերը» բառացույցով հորդորում են անաղարտ պահել մայրենին եւ պատմում, թե իրենց դասարաններից յուրաքանչյուրը՝ որպես հայոց մի փոքրիկ ընտանիք, ինչ ձ եւեր է գտել մեր լեզվի խաթարումների դեմ պայքարելու համար:

Իսկ դասամիջոցներին թե՛ մեծերին, թե՛ փոքրերին «Կարդացե՛ք եւ փոխանցե՛ք ուրիշին» կարգախոսով բաժանվեցին թռուցիկներ՝ ի պաշտպանություն մաքուր մայրենիի: