Անցկացվեց Ավետիսյան դպրոցի «Բարդի» բառախաղի ավանդական տարեվերջյան մրցույթը դպրոցի մանկավարժների (թիմի ավագ՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Մարգարյան) եւ այս տարվա շրջանավարտների ընտրանու (թիմի ավագ՝ Սյուզաննա Պողոսյան) միջեւ: Լարված պայքարի վերջնական հաշիվը բառագետները եւ երկրպագուները դիմավորեցին ծափահարությամբ, քանզի սաներն արժանի եղան իրենց ուսուցիչներին. խաղն ավարտվեց 60:60 հաշվով: Հրաժեշտի «Բարդի»-ն ավելի շատ նմանվեց տոնակատարության: Մրցախաղի երաժշտական ընդմիջումն իր կատարումով գեղեցկացրեց ապագա երգիչ, շրջանավարտ Էրիկ Հովսեփյանը:

Մինչ այդ՝ մայիսի կեսին, ամփոփվել էին միջին դասարաններում անցկացված «Բարդի»-ի արդյունքները: Մրցաշարին մասնակցել էին 4-րդ «բ», 5-րդ «բ», 6-րդ «բ» եւ 7-րդ «գ» դասարանների թիմերը: Բառապաշարի հարստությամբ, ճկուն մտածողությամբ եւ արագ կողմնորոշմամբ լավագույնը ճանաչվեցին 6-րդ «բ»-ի բառագետները (մայրենիի ուսուցչուհի՝ Վարդուհի Ասատրյան):

Մեր սեփական բառագիտական խաղը ստեղծվել, ավելի ճիշտ՝ հայացվել էր ութ տարի առաջ սովորական գրատախտակի վրա (մտահղացումը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյանի): Այն մշակվում, հղկվում, կատարելագործվում էր տարեցտարի: Այդ ընթացքում ավետիսյանցի բառագետները չէին դադարում պրպտելուց. կարդում էին, պեղում եւ յուրացնում նոր բառեր, հոմանիշներ, սովորում բառերի հատկանիշները, մրցաշարից մրցաշար հարստացնում իրենց բառապաշարը: Այժմ Ավետիսյան դպրոցի «Բարդի»-ն այս տարվա շրջանավարտներ Գեւորգ Պատակյանի եւ Մանվել Հովհաննիսյանի եռամյա ջանքերի շնորհիվ ներկայանում է էլեկտրոնային տարբերակով՝ գրեթե չտարբերվելով ժամանակակից մյուս խաղերից (Boggle, Scrabble, Word Grid, Shiritori եւ այլն):

Ավետիսյանցիների ժամանցի սիրելի ձեւերից մեկն է «Բարդի»-ն: Հրավիրում ենք բոլորին. եկե՛ք «Բարդի» խաղալու: