«Անկախությունը քննարկման կարիք չունի, անկախությունը բացարձակ արժեք է»:

Հայաստանի անկախության պայքարի նվիրյալ Սպարապետի այս անվրեպ խոսքը բնաբան դարձավ Ավետիսյան դպրոցում անցկացված տոնական միջոցառումներին:

Նախօրեին կրթօջախի ավագ դպրոցի կազմն այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Պատանի ավետիսյանցիները ոտք դրեցին այն հերոսական հողին, որը 1918-ի օրհասական մայիսին միավորել, միասնական բռունցք էր դարձրել հայ շինականին ու մտավորականին, բոլշեւիկին ու դաշնակցականին, զինվորականին ու հոգեւորականին:

Այստեղ՝ այս դաշտում էր, որ հաստատվեց հայտնի բանաձեւը՝ անկախությունը բացարձակ արժեք է, եւ նրա դիմաց ցնդում-անէանում են բոլոր տարաձայնությունները:

Սարդարապատում մենք միասնացանք եւ հաղթեցինք:

Այսօր՝ մեր անկախության օրվա 34-րդ տարելիցին նվիրված բացօթյա հանդեսում Ավետիսյան դպրոցը վերահաստատեց, որ ամենամեծ արժեքը անկախությունն է:

Շնորհավորական ուղերձով դիմելով ներկաներին՝ դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը արժեւորեց մեր նախնիների՝ իրականություն դարձած բաղձալի երազանք անկախությունը. «Ձեր սերունդը երջանիկ է, որ կարող է ազատ ապրել եւ արարել անկախ հայրենիքում:

Անկախ Հայաստանի Հանրապետությունը յուրատեսակ փարոս է նաեւ աշխարհասփյուռ հայության համար:

Ահա թե ինչու մենք պետք ամեն վայրկյան հիշենք, որ անկախությունը միայն բարիք չէ:

Անկախությունը նաեւ մեծ պատասխանատվություն է, այն պետք է գուրգուրել, պահել ու պահպանել:

Իսկ դրա համար, սիրելինե՛ր, պետք է խելք, կամք եւ գիտելիք:

Ահա թե ինչու շատ կարեւոր է, որ դուք լավ սովորեք, տիրապետեք բազմազան գիտելիքների, լեզուների, կյանքի հմտությունների:

Միայն գիտելիքներով զինված լինելով՝ դուք կարող եք դառնալ մեր անկախության հարատեւան գրավականը:

Լա՛վ սովորեք՝ հանուն մեր հայրենիքի կայուն գալիքի, հանուն իրենց կյանքը հայրենյաց զոհասեղանին դրած քաջորդիների հիշատակի, հանուն ձե՛ր իսկ ազատ ու անկախ ապագայի:

Ուրեմն եկե՛ք շնորհավորենք միմյանց այս պատմական տոնի կապակցությամբ եւ ամեն մեկս մեր չափով նպաստենք մեր անկախ երկրի հզորացմանը»:

Հանդեսի ժամանակ, ինչպես եւ պատշաճ էր, հնչեցին հայրենիքին նվիրված երգեր, Արարատի լանջն ի վեր հնչեց միաձայն «Հայր մեր»-ը, եւ թնդաց ավանդական «Քոչարին»… Տոնդ շնորհավո՜ր, անկա՛խ Հայաստան…