«Եթե ուզում ես սեր խոստովանել,
Խոստովանի՛ր ֆրանսերեն»։Ջորջ Բայրոն
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան Ավետիսյան դպրոցում ամեն տարի անհամբերությամբ են սպասում: Որովհետեւ այդ տոնը սովորաբար լեցուն է լինում սիրո եւ գեղեցկության ամենանուրբ հույզերով:
Եվ իրոք. մեր շնորհալիները այս էլ որերորդ անգամ ապացուցեցին, որ անհնար է չսիրել մեծ Ազնավուրի, Ապոլիների ու Բոդլերի հայրենիքը, չանրջել Լեգրանի երաժշտության ներքո, չհիանալ ֆրանսերենի երգեցիկ հմայքով:
Խոսում, ասմունքում, երգում էին ֆրանսերեն, հարկ եղած դեպքում՝ հայերեն թարգմանությամբ: Վոլտերի ֆրանսերենից մինչեւ մերօրյա լեզուն, ակորդեոնի հոգեզմայլ նվագը, Քվազիմոդոյի կերպարն ու Էսմերալդայի գեղանի պարը, շերբուրգյան հովանոցները եւ, անշուշտ, Շարլ Ազնավուրի անկրկնելի երգերը սահուն կերպով միահյուսվում էին իրար՝ պարզապես գերելով դահլիճին, սիրել տալով Ֆրանսիան ու ֆրանսերենը:
Եվս մի գեղեցիկ դրվագ էր դա ավետիսյանցիների դպրոցական առօրյայում: Տոն, որով նորից ու նորից ընդգծվեց ֆրանսերենի գեղեցկությունը, ինչպես նաեւ այն ժողովուրդների միասնությունը, որոնք խոսում են այդ լեզվով Եվրոպայից մինչեւ Աֆրիկա, Ամերիկա, Ասիա եւ Օվկիանիա: Ֆրանսերենը վաղուց սիրո յուրահատուկ կամուրջ է դարձել ֆրանսախոս ժողովուրդների միջեւ, իսկ նրանց թիվն այսօր աշխարհում անցնում է 320 միլիոնից:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպչին՝ ֆրանսերենի ուսուցչուհի Եվա Ֆարմանյանին, ու մեր տաղանդավոր սաներին՝ դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը շնորհակալական հատուկ խոսք ուղղեց այն դպրոցների մանկավարժներին, որոնց սաները այժմ սովորում են Ավետիսյանի ավագ դպրոցում եւ իրենց ելույթով հարստացրին համերգ-ներկայացումը:
