Մեր զատկական տոնավաճառը եւ բացառիկ համերգ

Ուշացած գարունը մի շնչով ներխուժեց Ավետիսյան դպրոցի գեղատեսիլ բակ. վարդենիների պուրակում նորից բացվեցին գունագեղ ու ախորժաբեր սեղանները. զատկական ավանդական տոնավաճառը վայրկենապես մտավ հունի մեջ:

Նախակրթարանից մինչեւ ավագ դպրոցի սաները ցուցադրեցին իրենց խոհարարական շնորհքն ու ճաշակը, ձեռակերտ այլ աշխատանքներ: Աշակերտ, ուսուցիչ եւ ծնող համերաշխ գերդաստանի նման ապահովեցին գարնանային զվարթ տրամադրություն, որը վերջում պսակվեց ավանդական շուրջպարերով:

Տոնավաճառի ամբողջ հասույթը տրամադրվեց հարազատ դպրոցի նոր ծրագրերի իրագործմանը:

Սուրբ Զատկի տոնի յուրահատուկ շարունակությունը եղավ ապրիլի 7-ի նախօրեին կայացած բացառիկ համերգը: Այն նվիրված էր Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով Սուրբ Աստվածածնի Ավետման օրվան, որը մեր հանրապետությունում Մայրության եւ գեղեցկության ազգային տոն է: Միջնադարյան տաղերի, հոգեւոր երգերի Կոմիտասյան մեկնությունների, Սուրբ Պատարագի «Տե՛ր, ողորմյա»-ի տարբեր մշակումների, Հայաստանին նվիրված երգ-երաժշտության կատարմամբ ավետիսյանցի մանկավարժներին եւ ծնողներին (զատկական տոնավաճառում, անշուշտ, մեծ էր մայրիկների դերը) զմայլելի պահեր պարգեւեցին մենակատար Դմիտրի Կորաստելյովը (բարիտոն) եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոնցերտմայստեր, դաշնակահար Վասիլի Ռոլիչը: