Մենք Երկիր մոլորակն ենք
COP17-ի (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողով) hայաստանյան օրակարգին մասնակցում են ոչ միայն մեծահասակները. մեր երկիր են եկել 15 երկրների դպրոցականներ՝ ներկայացնելու իրենց հայրենիքի բնության եւ կենդանական աշխարհի առանձնահատկությունները, մեծահասակների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող բնապահպանական խնդիրները:
COP17-ի կրթական գոտում մեր Հանրապետությունը ներկայացնում էին Ավետիսյան դպրոցի ուսուցչուհի, ծրագրի համակարգող Ծովիկ Մանուկյանը եւ նրա սաներ Մանեն, Լիլիթը, Արմինեն:
Համաժողովի օրակարգի շրջանակում պատանի բնապահպաններն իրենց ուսուցիչների հետ մեկ օր անցկացրին Ավետիսյան դպրոցում: Արգենտինայից, Կանադայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Հավայան կղզիներից, Զամբիայից, Պերուից, Գերմանիայից, Վրաստանից, Թուրքիայից, Ֆիլիպիններից եւ այլ երկրներից ժամանած շուրջ 50 դպրոցականներ ներգրավվեցին լայնածավալ աշխատանքի մեջ: Տարեկից ավետիսյանցիների ուղեկցությամբ նրանք նախ շրջայց կատարեցին դպրոցում, ապա ներկայացրին իրենց երկրների կենսաբազմազանությունը եւ իրենց կատարած հետազոտական աշխատանքները: Ավետիսյան դպրոցի պատերը զարդարվեցին մոլորակի տարբեր մայրցամաքների բուսական եւ կենդանական աշխարհները ներկայացնող գունագեղ պաստառներով:

Թե՛ հյուրերը եւ թե՛ «տանտերերը» այս հանդիպմանը պատրաստվել էին համակողմանիորեն: Շատերն իրար գիտեին համաժողովից դեռ ամիսներ առաջ, երբ առցանց քննարկում եւ կազմում էին COP17-ին եւ միջազգային հանրությանն ուղղված հռչակագիր, նաեւ բնապահպանական խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ առաջարկներ: Ամիսներ տեւած այդ լուրջ աշխատանքն ամփոփվեց դպրոցի ընդարձակ սրահում ծավալված աշխատարանի ընթացքում:
Հագեցած օրն ավարտվեց Երկրագնդի կենսաբազմազանության մասին պատմող ֆիլմի դիտումով եւ հասցեների փոխանակմամբ:
Դպրոցականների բազմազգ ընտանիքը այսօր եւս մեկ անգամ հավաստեց Երկիր մոլորակի առջեւ պատանի սերնդի պատասխանատվությունը:
