Շարունակական մասնագիտական զարգացումը ուսուցչի համար ոչ միայն գիտելիքների թարմացում է, այլեւ ներքին աճի ճանապարհ. այն ուսուցչին տալիս է տեսական հիմք եւ գործիքներ՝ վերաիմաստավորելու կրթության նպատակը եւ սեփական դերը, հանուն կայուն մասնագիտական ինքնության եւ հոգեբանական ամրության։ Այս ամբողջական մոտեցումն էր հիմքում ուսուցիչների վերապատրաստման եռօրյա սեմինարի, որը Ավետիսյան դպրոցի ուսուցիչների համար հատուկ մշակված 14-ամսյա մասնագիտական զարգացման ծրագրի մեկնարկն էր։
Ծրագիրը մշակել է AMAA-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժինը՝ Ավետիսյան դպրոցի ղեկավարության հետ համագործակցությամբ։ Բարձր որակավորում ունեցող դասընթացավարների առաջնորդությամբ քննարկվեցին ժամանակակից կրթության կարեւորագույն բաղադրիչները՝ ուսուցչի դերը, մասնագիտական նկարագիրն ու չափանիշները, դասավանդման մեթոդները, ուսումնառության մոտիվացիան, սովորողների ներգրավվածությունը եւ սոցիալ-հուզական ուսումնառությունը։ Ներկայացվեցին նաեւ ուսուցչի ինքնակարգավորման եւ հոգեբանական բարեկեցության արտթերապեւտիկ մոտեցումներ, ինչպես նաեւ կրթության փիլիսոփայության եւ կրթական տեսությունների առանցքային հարցեր։
Սեմինարի առանձնահատկություններից էր ինքնախնամքի սեսիան։ Ուսուցիչը օրական տասնյակ երեխաների հետ կիսում է իր ուշադրությունը, համբերությունը եւ հուզական էներգիան։ Այդ ռեսուրսները անսպառ չեն, եւ ուսուցչի հոգեբանական բարեկեցությունը անմիջականորեն ազդում է դասարանի մթնոլորտի, սովորողների վստահության եւ ուսումնական արդյունքների վրա։ Ուսուցիչը, որը հոգ է տանում իր մասին, ավելի ներկա է, ավելի համբերատար եւ ավելի ընդունակ է նկատելու երեխայի կարիքները։ Հետեւաբար ինքնախնամքը շքեղություն կամ անձնական ընտրություն չէ, այլ մասնագիտական պատասխանատվության մաս։
Սեմինարի շրջանակում կայացավ նաեւ համագործակցություն ՀՄԿ թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ. կենտրոնի հոգեբանը խոսեց անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ) կազմելու համար անհրաժեշտ պայմանների եւ նրբությունների մասին։
Սեմինարը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ինքնակատարելագործումը մասնագիտական անհրաժեշտություն է։
