Մայիսի 2-ին «Ավետիսյան» դպրոցը Հայ ավետարանչական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղեցիկ միջոցառում էր   կազմակերպել: Մեր դպրոցի ասմունքի և թատերական խմբակների  աշակերտների մասնակցությամբ բեմադրվել էր թատերական ներկայացում (բեմադրիչ` Հակոբ Միքայելյան):

Նախ ելույթ ունեցան մեր  ասմունքի խմբակի տաղանդաշատ աշակերտները` ներկայացնելով եղեռնասպան հայ գրողներ  Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի`Մեծ եղեռնի ահազարհուր տեսարանները ներկայացնող մի քանի ստեղծագործություն: Խմբակի սաները հատվածներ արտասանեցին նաև Պ. Սևակի կոթողային աշխատությունից` «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Ասմունքի խմբակի ելույթին հաջորդեց թատերական ներկայացումը: Բեմադրիչ, դրամատուրգ Հակոբ Միքայելյանը  բեմականացրել էր արևմտահայ նշանավոր գրող Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց»-ը: Աշակերտները ստացան հայրենասիրության հերթական դասը, այն է` միշտ պետք է պատրաստ լինենք զենքով դիմակայելու մեր նենգ թշնամուն:  «Խոհեմութիւնը զէնքին մէջն է»:

Թատերական խմբակի մեր տաղանդաշատ աշակերտները հանդիսատեսին գերեցին իրենց վստահ ու գեղեցիկ խաղով:

Մեր սաների խանդավառությունը ևս մեկ անգամ փաստեց, որ հայը միշտ պահանջատեր է,  շարունակելու է միշտ հիշել ու պահանջել: