Ս.թ. փետրվարի վեցին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում տեղի ունեցավ բարի ավանդույթ դարձած հերթական բարեգործական միջոցառումը:

Ավետարանչական ընկերակցության և դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ կրթահամալիր էին հրավիրվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի մանկավարժները։ Միջոցառման սկզբում դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին ծանոթացրեց դպրոցի ծավալած գործունեությանը, իսկ ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը իր ողջույնի խոսքում ներկայացրեց ԱՀԱԸ կողմից կատարվող  բարեգործական ծրագրերը։  Այնուհետև դպրոցի հոգեբան Անահիտ Ներսիսյանը զրուցեց մայրանալու և երեխաներին ճիշտ դաստիարակելու  մասին, նաև տեսասահիկների օգնությամբ պատկերավոր ներկայացրեց մոր և մանկան կապի և առողջ փոխհարաբերությունների կարևորությունը։

Հանդիպման ավարտին  հյուրերին  բաժանվեցին մանուկների համար նախատեսված գրքեր և նվերներ: Ի դեպ, նորածինների համար նախատեսված նվերները այս անգամ ևս պատրաստվել էին  ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի բնակիչ Բեթի Չերքեզյանի «Գործված է սիրով» ծրագրի կողմից։