Արևմտահայերենը մեր ազգային հպարտությունն է, սփյուռքի լինելության հիմքը: Ահա թե նաև ինչու Ավետիսյան դպրոցում այն միշտ եղել է ուշադրության կենտրոնում, իսկ սփյուռքահայ արվեստագետ, արձակագիր, հիմա նաև մանկավարժ Հակոբ Միքայելյանի՝ նրա ուսուցանումը ստանձնելուց հետո դպրոցի կամարների տակ ավելի ու ավելի հաճախ են հնչում արևմտահայ խոսքն ու ասմունքը:

Լեփլեցուն դահլիճը քանիցս ծափերով է դիմավորել արևմտահայ անվանի գրողներ Հակոբ Պարոնյանի, Արփիար Արփիարյանի և այլոց ստեղծագործությունների բեմականացումները, որ իրենց արևմտահայերենի ուսուցչի ղեկավարությամբ իրականացրել են կրթօջախի ավագ դպրոցականները:

Օրերս նորից արևմտահայերենն էր դպրոցի բեմում: Իր բովանդակալից ակնարկով արևմտահայ և սփյուռքահայ գրականության մի փունջ ներկայացրեց պրն Հ. Միքայելյանը: Բանախոսի ելույթն ուղեկցվում էր բարձր դասարանների աշակերտների ասմունքով, ասույթներով:

Ցերեկույթի ավարտին դպրոցականները ներկայացրին մի քանի հատված Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ից: