Հունվարի 9-ին Հայ Ավետարանչական կենտրոնում վաղ առավոտից տիրում էր տոնական աշխույժ եռուզեռ: Օրվա ընթացքում Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի՝ Ամանորին ու Սուրբ ծննդյանը նվիրված «Ինձ սիրող ընկերը» բեմադրությունը ցուցադրվեց չորս անգամ, որը դիտեցին շուրջ 1200 երեխաներ իրենց ծնողների հետ: Ներկայացման հեղինակը և բեմադրիչ ռեժիսորն էր ՙՀայասա՚ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Նունե Աբրահամյանը:
Այս ուսանելի ներկայացման ցուցադրություններից մեկին էլ ներկա գտնվեցին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնի շուրջ 200 սաներ և նրանց ծնողները: Դպրոցի աշակերտները շունչները պահած դիտում էին ներկայացումը, որը նրանց պատգամելու էր Սուրբ ծննդյան խորհուրդը և պատմելու ամանորյա հրաշքների մասին:
Ներկայացումից առաջ հանդիսատեսներին դիմեց ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և նրանց խնդրեց ուշադիր դիտել ներկայացումն ու փորձել հասկանալ նրանում թաքնված իմաստուն պատգամը: Փոքրիկներին դիմեցին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական կրթության և դաստիարակության տնօրեն վեր. Ալբերտ Փայտյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովվի օգնական վեր. Հովհաննես Հովսեփյանը` նրանց ուղղելով հետաքրքրաշարժ հարցեր Աստվածաշնչից:
Հանդիսատեսը սրտատրոփ հետևում էր ներկայացման գլխավոր հերոսի՝ Հայկի արկածներին (դերակատարը կրթահամալիրի երրորդ դասարանի սան Էդուարդն էր), նրա ճանապարհորդությանը դեպի երկինք և նրա հետ տեղի ունեցած հրաշքներին:
Փոքրիկ Հայկի սիրտը սառել էր, և այն չի կարողանում ջերմացնել անգամ բուխարու թեժ կրակը: Հայկին կարող էր փրկել միայն Սուրբ ծննդյան հրաշքը: Եվ ահա փոքրիկ Հայկը, ով մտածում էր, որ ինքն աշխարհի ամենաանհաջողակ տղան է, իր հրեշտակ ընկերոջ հետ հայտնվում է Բեթղեհեմում՝ Հիսուսից խնդրելու հալեցնել ու ջերմացնել իր սառած ու կարծրացած սիրտը: Հանդիպելով մսուրում պառկած մանուկ Հիսուսին` Հայկն այնտեղից ստանում է ձիթենու երեքտերևանի հրաշագործ մի ճյուղ, որը պետք է իրականացներ նրա երեք ամենանվիրական երազանքները:
Ո՜վ հրաշք. փոքրիկ Հայկի սրտի սառույցը ընկնում է ու բաժանվում հազարավոր բեկորների: Հերթը երկրորդ հրաշքինն էր. Հայկը իր քույրերի և եղբայրների համար խնդրում է գունազարդ շքեղ տոնածառ: Դահլիճում ներկաները զարմանքից բացականչում են՝ տեսնելով մի ակնթարթում անակնկալ կերպով բեմում հայտնված շքեղ եղևնին:
Մեր փոքրիկ հերոսը, ճաշակելով Հիսուսի բարությունն ու Աստծու սերը, հասկանում է, որ անհրաժեշտ է բարի լինել, սիրել ու ուրախացնել շրջապատի մարդկանց, և որոշում է իրենց տուն հրավիրել իրենց հարևան երեխաներին, ովքեր նույնպես տոնածառ չունեին:
Երրորդ և վերջին տերևը նետելով` Հայկը խնդրում է, որ իր ընկեր Մարկը վերջապես կարողանա թռչել: Զոհաբերելով իր վերջին հնարավորությունը` Հայկը կատարում է Մարկի ընկերոջ բաղձալի ցանկությունը և դառնում աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Վերջում մեր փոքրիկ հերոսը՝ Հայկը, դիմում է հանդիսատեսին՝ ասելով՝ Հիսուս սեր է, նա բարի է, սիրում է մեզ, ուրեմն մենք էլ պիտի սիրենք միմյանց:
Ներկայացման ավարտին բոլոր փոքրիկները Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից ստացան տարբեր նվերներ:
Հանդիսատեսը, խանդավառված իմաստալից ներկայացմամբ, իր հետ տարավ երկնային հետևյալ պատգամը. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3.16):
