Հոկտեմբերի 20-22-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տեղի ունեցավ եռօրյա սեմինար ներառական կրթության վերաբերյալ: Այն վարում էր ԿԱԻ փոփտնօրեն Անահիտ Բախշյանը: Դասախոսության նպատակներից էր հիմնավորել ներառական կրթություն իրականացնելու անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցում: Ա. Բախշյանը նշեց, որ 2001 թ. ԿԳՆ-ն «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ սկսեց Հայաստանում իրականացնել ներառական կրթության ծրագիրը:
Սեմինարավարը շեշտեց, որ ներառական կրթության շնորհիվ երեխաներն ավելի լավ արդյունքի են հասնում, սովորում են միասին և միմյանցից, վերջ է տրվում խտրականությանը, այն նպաստում է բարեկամության, հարգանքի, փոխըմբռնման հաստատմանը: Նա նշեց, որ ակադեմիական և սոցիալական առումներով երեխաներն ավելի լավ արդյունքի են հասնում ներառական կրթություն ստանալու դեպքում:
Ա. Բախշյանը հավելեց նաև, որ որակյալ ներառական կրթություն հնարավոր է իրականացնել, եթե գործում է բազմամասնագիտական թիմ, և ուսուցիչները այդ գաղափարախոսության կրողներն են: Նա փաստեց, որ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում կան անհրաժեշտ բոլոր պայմանները ներառական կրթություն իրականացնելու համար, և հույս հայտնեց, որ հաջորդ ուստարում դպրոցը հաջողությամբ կիրականացնի որակյալ կրթություն բոլորի համար:
