Հունիսի 16-ին Ավետիսյան դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառումն էր: Դպրոցը մեծ կյանք ճանապարհեց իր երկրորդ տասներկուերորդցիներին:

Ավարտական միջոցառումը մեծ իրադարձություն է Ավետիսյան դպրոցի կյանքում: Յուրաքանչյուր տարի միջոցառումը իրենց ներկայությամբ պատվում են դպրոցի բարերարներ և լավ ընկերներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, արտասահմանից ժամանած մի շարք հյուրեր, դպրոցի աջակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի աշխատանքները համակարգող կոմիտեի անդամներ, լրագրողներ: Ի թիվս նշված հյուրերի՝ այս տարվա միջոցառմանը ներկա էին նաև Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։

Միջոցառման բանախոսն էր  նշանավոր  պատմաբան Թաներ Աքչամը: Նա  առաջին թուրք գիտնականներից է, որը ճանաչել է և բացահայտորեն քննադատել հայոց ցեղասպանությունը:  Պարոն Աքչամը իր ողջույնի խոսքում մեր աշակերտներին հորդորեց համարձակ ու նորարար լինել, ունենալ սեփական տեսակետ, հարկ եղած դեպքում պաշտպանել դրանք և պայքարել իրենց հանդիպող անարդարությունների դեմ:

Շրջանավարտներին  շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին նաև Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը: Վերջում աշակերտներին հանդիսավորությամբ հանձնվեցին նրանց ավարտական վկայականները:

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ, մաղթում, որ այսօր հնչած բոլոր բարեմաղթանքները կատարվեն, և մեր դպրոցը ձեզնով հպարտանալու բազում նոր առիթներ ունենա:

ՀԱԸ մամուլի բաժին

Այս մասին հաղորդում են՝
Ավետիսյան դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Թաներ Աքչամը․ ՀՀ ԿԳՆ

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող Ավետիսյան դպրոցը շրջանավարտների երկրորդ սերունդն է ճանապարհել դեպի մեծ կյանք. գրում է edu.am-ը: Դպրոցի ավարտական միջոցառմանն այս տարի ներկա են գտնվել ու շրջանավարտներին բարի երթ մաղթել  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: