Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կազմակերպել էր խորհրդաժողով՝ «Դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության քննությունների հիմնախնդիրները» թեմայով:

Խորհրդաժողովին մասնակցում էին կրթության ոլորտի տարբեր օղակների ներկայացուցիչներ՝ դպրոցների տնօրեններ, կրթության վարչության պետեր, ԳԹԿ-ի աշխատակիցներ: «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցից մասնակցում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանը:

ԳԹԿ-ի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանի կողմնորոշիչ ելույթից հետո մասնակիցները բաժանվեցին 4 խմբի, որոնցից յուրաքանչյուրը դասակարգեց և ձևակերպեց իր առաջադրած հիմնախնդիրը, պատասխանեց լսարանի հարցերին, իսկ հաջորդ օրը ներկայացրեց լուծումները:

Արծարծվեցին հետևյալ հիմնախնդիրները.
1. Պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպումը:
2. Պետական ավարտական և միասնական քննությունների դերն ու նշանակությունը կրթության որակի բարձրացման և զարգացման համատեքստում:
3. Պետական ավարտական և միասնական քննությունների իրականացման կադրային ռեսուրսները:
4. 9-րդ և 12-րդ դասարանների հայոց լեզվի քննության բովանդակային հիմնախնդիրները:

Չնայած քննարկվեցին մի շարք հիմնախնդիրներ, սակայն որոշ հարցերի լուծումը դեռևս առկախ է: Ինչպես՝ 9-րդ դասարանների աշակերտների՝ քննական կենտրոններ փոխադրումը (հատկապես դա խնդիր է մարզերի համար), հայոց լեզվի քննական աշխատանքները ստուգող հանձնաժողովների ձևավորումը, բողոքարկման կարգը, ինչպես նաև վերաքննության կազմակերպումը:

Բարձրացված հարցերից շատերը այսօր չունեն միարժեք պատասխան, բայց քննարկումներից են ծնվում ճշմարտությունները և լուծման ուղիները: