«Եթե նպատակ կամ երազանք ունեք, ձգտե՛ք, և անպայման կհասնեք դրանց». Արա Խաչադուրյան:

Ավետիսյան դպրոցը հաճախ է հյուրընկալում հայ և այլազգի հետաքրքիր մարդկանց, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպումից անջնջելի հետք է մնում կրթօջախում: Այդպիսի բացառիկ հյուրերից մեկն էլ «աշխարհի տանիքին»՝ Էվերեստի գագաթին հայոց եռագույնն ամրացրած Արա Խաչադուրյանն էր:

Աշխարհահռչակ լեռնագնացն իր հետ դպրոց էր բերել տեսաֆիլմեր, որոնց ցուցադրումն ուղեկցում էր մեկնաբանություններով: Մոնբլանից մինչև Լենինի Պիկ,  Կիլիմանջարոյից մինչև Արագած ու Արարատ և, վերջապես, Հիմալայների (ու նաև ամբողջ աշխարհի) ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը կամ Ջոմոլունգման, որի 8848-մետրանոց գագաթին այս արիասիրտ հայորդին 2016 թ. մայիսի 22-ին ամրացրեց հայոց եռագույնը:

Ինչպես հայտնի է, իր այդ սխրանքը Արա Խաչադուրյանը նվիրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին: Լեռնագագաթը նվաճելուց անմիջապես հետո նա հենց Էվերեստից տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»: Վայրէջքից անմիջապես հետո նա ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին՝ առաջարկելով ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ճիշտ է, նամակն առայժմ չի հաջողվել փոխանցել հասցեատիրոջը, բայց Արան վստահ է, որ դա իրագործելի կդառնա մոտակա ժամանակներում:

Այս տարվա ապրիլին Արա Խաչադուրյանը դուրս էր եկել  վազքի Մարսել-Երևան երթուղով: Դահլիճի հիացական ծափահարությունների ներքո նա ավետիսյանցիներին հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ 5000-կիլոմետրանոց «խաղաղության վազքի» մասին:

Վերջում, պատասխանելով բարձր դասարանցիներին հուզող հարցերին, թանկագին հյուրը խորհուրդ տվեց. «Եթե նպատակ կամ երազանք ունեք, ձգտե՛ք, և անպայման կհասնեք դրանց»:

Իսկ հրաժեշտից առաջ բոլորը՝ մեծ ու փոքր, ցանկացան լուսանկարվել անվախ լեռնագնացի, առասպելական մարզիկի և պարզապես այնթապցի պապերի շառավիղ հայ քաջորդու հետ: