Մեկը մյուսից գունեղ, մեկը մյուսից զվարթ…

«Հովհաննես Թումանյան-150» խորագրի ներքո միջոցառումները կրթահամալիրում շարունակվում են: Ներկայացնում ենք ընդամենը մի քանի դրվագ մեր թումանյանական չընդհատվող տոնահանդեսից:

Ահա վերջապես պարզվում է Թումանյանի, Պերրոյի ու Անդերսենի հեքիաթների հերոսների խառնաշփոթը, և նրանք բոլորը  միասին պարում են Անբան Հուռու և Ձախորդ Փանոսի հարսանիքին: Սա IIգն է:

Իսկ  IIբ-ի խաղային և համագործակցային ուրախ ցերեկույթում թումանյանական հանելուկներ էին, հայկական առածներ, լոտո-խաղ և փոքրիկ ներկայացումներ՝ Թումանյանի հեքիաթներից:

IIա-ն թանկագին «հյուր» ուներ. դա նույն ինքը՝ «Թումանյանն» էր, որ ուշադիր լսում էր իր հեքիաթների «փոքրացած» հերոսներին և իր դատողություններով ու մեկնաբանություններով լրացնում նրանց:

IIIբ-ի  միջոցառումը հանդիսատես չուներ. մասնակից էին բոլորը՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ: Նրանք արտասանեցին ու երգեցին, պարեցին ու բեմականացրին, իսկ ինտերակտիվ դասի վերջում «Քառաբաժան»-ով արտահայտեցին իրենց հույզերը՝ կառուցելով գունեղ սարդոստայն:

IIIա դասարանցիներն էլ որոշել էին իրենք պատմել Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի և գործունեության մասին։ Վերջում փոքրիկ դերասանները բեմադրեցին հատվածներ Թումանյանի հեքիաթներից։

Իսկ ահա դպրոցի առաջին դասարաններում մեծ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործությունների մասինպատմեցին  դասվարները: Հետո փոքրիկները արտասանեցին Թումանյանի մանկական  բանաստեղծություններից, դիտեցին «Անբան Հուռին», «Կիկոսը», «Ձախորդ Փանոսը» մուլտիպլիկացիոն ֆիլմերը:

Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հերթական գունագեղ միջոցառումն անցկացվեց չորրորդցիների միջև: Երեք թիմերի աշխույժ և հետաքրքրաշարժ «Հեքիաթախաղից» հետո երեխաների համատեղ ուժերով լուծվեց հսկա խաչբառը։ Իսկ վերջում բոլորը դիտեցին պատանի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը:

Ավետիսյան դպրոցը պատրաստվում է Ամենայն հայոց բանաստեղծի հետ նոր հանդիպումների: