Ուրբաթ օրը` մարտի 15-ին, դարձյալ լեփլեցուն էր Ավետիսյան դպրոցի դահլիճը, և դարձյալ բեմում թանկագին հյուրեր էին:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մեկուկեսդարյա հոբելյանի կապակցությամբ կրթօջախն այս անգամ հյուրընկալել էր Հայաստանի Գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանին, «Ծիծեռնակ» սիրված մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանին և գրքերի հայտնի ձևավորող, նկարիչ-լրագրող Ցոլակ Կանթեղին:
Հյուրերն, անշուշտ, դատարկաձեռն չէին. Նրանք եկել էին մեծ բանաստեղծին նվիրված տեսաֆիլմով, Ց. Կանթեղի «Թումանյանը խաղերում» հետաքրքրաշարժ հրատարակությամբ, «Ծիծեռնակի» թարմ համարներով և, իհարկե, գրական կամ նկարչական փորձերով ամսագրին թղթակցելու հրավերով:
Թումանյան-մարդու և բանաստեղծի շքեղ ու շռայլ հոգին ներկայացնող ջերմ խոսք ասաց Էդ. Միլիտոնյանը, ով ամենագունեղ ու հյութեղ երանգներով ավետիսյանցիների առջև ասես վերակերտեց Մեծ լոռեցու կերպարը: Մտերմիկ ու անմիջական զրույցի վերածվեցին նաև մյուս հյուրերի ելույթները:
Հանդիպման վերջում Ավետիսյան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դահլիճին և հյուրերին առաջարկեցին խաղալ իրենց կազմած «Թմկաբերդի առումը» բառախաղ-վիկտորինան, որը պատրաստել էին՝ ըստ Ց. Կանթեղի «Թումանյանը խաղերում» գրքի: Դահլիճն ուրախ կանչերով և ծափ-ծիծաղով պարզում էր էկրանին հայտնված յուրաքանչյուր բառի խառնագիրը, իսկ ութերորդցիներն արտասանում էին պոեմի այն հատվածը, որտեղ այդ բառը գործածել էր մեծ բանաստեղծը:
Խ. Շ. Ավետիսյան դպրոց
Տե՛ս 5-րդ ալիք / 5 TV –ի պատրաստած ռեպորտաժը:
Առաջակում ենք դիտել նաև ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական կենտրոնի անդրադարձը եւ տեսանյութը: