Այսօր՝ Ավագ Ուրբաթ, Ավետիսյան դպրոցի ավանդական զատկական տոնավաճառին նախորդեց համադպրոցական առավոտյան հավաքը, որի ժամանակ ցուցադրվեց տեսաֆիլմ՝ կարիքավոր երեխաների տները դպրոցի աշխորհրդի այցելության մասին: Դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանն իր հերթին պատմեց սահմանամերձ երկու գյուղ իր կատարած այցից տպավորությունները, որոնք ուղեկցվեցին տեսաշարով: Ապա աշկոմի անդամները իրենց դասընկերներին և ուսուցիչներին դիմեցին հասցեական բարեգործության կոչով:

Այս փոքրիկ «նախերգանքը» ուղենիշ դարձավ համընդհանուր որոշման կայացման և այսօրվա տոնավաճառի նպատակաուղղվածության համար:

Իսկ տոնավաճառն, ինչպես միշտ, օծված էր պերճ ու բազմաբղետ գույներով, ախորժալի և անուշ բույրերով, դպրոցականների երևակայության ամենապայծառ դրսևորումներով: Այսպես ասած, «այցելուները»՝ ավետիսյանցիների ծնողները և ուսուցիչները, «գնումներ» կատարելիս չէին խնայում գովեստի և հիացմունքի խոսքերը:

Իսկ օդում արդեն թևածում էր բարության ջերմացնող ոգին. չէ՞ որ դեռ առավոտից հստակ որոշվեց, թե ո՛ր ընտանիքին պիտի ուրախացնի, ո՛ր տխուր մանկան աչքերում ժպիտ պիտի առաջացնի այսօրվա «առևտրի» հասույթը: