Բարեգործական համերգ
«Կարեկցանք. սա՛ է քրիստոնեության չգրված, բայց ամենազորեղ օրենքներից մեկը: Եվ դա ոչ բարոյախոսություն է, ոչ էլ քարոզ: Դա քրիստոնյայի ապրելակերպն է, նրա կյանքի ու կենցաղավարության սկզբունքը: Ապրել այնպես, որ քո շնորհիվ սրբվի թեկուզ մի կարոտյալի արցունքը, որ անօգի ու անզորի դեմքին նույնպես ժպիտ հայտնվի: Իմ խորին համոզմամբ՝ մենք կարո՛ղ ենք դա անել: Կարո՞ղ ենք»:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանի այս հուզիչ խոսքերով եզրափակվեց «Ավետիսյան» նվագախմբի բարեգործական համերգը: «Միասին՝ կարո՛ղ ենք»,-տիկին Գեղամյանին համերաշխորեն արձագանքեց դահլիճը, որն այսօր լեփ-լեցուն էր ուսուցիչներով, աշակերտներով և, անշուշտ, ծնողներով, առանց որոնց անմիջական մասնակցության և օժանդակության չէր կայանա այս հրաշալի համերգը:
«Ավետիսյան» նվագախումբը, որն իր գոյության հինգ տարիների ընթացքում արդեն հասցրել է մի քանի բարեգործական համերգ տալ (այդ թվում՝ «Փարոս» երգչախմբի հետ), այսօրվա համերգի համար իր գեղարվեստական ղեկավար, վաստակաշատ խմբավար Արգենտինա Պողոսյանի ղեկավարությամբ պատրաստել էր հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մի զմայլելի փունջ, որը դահլիճն ըմբոշխնեց շուրջ մեկ ժամվա ընթացքում:
Վերջում ներկաները դիտեցին City of Smile հիմնադրամի շահառուներին նվիրված տեսահոլովակ: Համերգից ստացած իր տպավորության և ընդհանրապես նրա գաղափարի վերաբերյալ ջերմ և սրտագին խոսք ասաց հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Համերգի ամբողջ հասույթը նվիրաբերվեց City of Smile հիմնադրամին: Այսօրվանից Ավետիսյան դպրոցն իր ծնողական հասարակության հետ համատեղ միացավ քաղցկեղի դեմ համահայաստանյան պայքարին: