Երևան. 2019. 13-ը հունիսի: Ինչքան հուզառատ, նույնքան էլ ներկայացուցչական էր Ավետիսյան դպրոցի 2018-2019 ուստարվա շրջանավարտների հրաժեշտի արարողությունը:
Դահլիճում էին օրվա 31 հերոսներին մեծ կյանք ճանապարհելու եկած ուսուցիչները, ծնողները, բարձրդասարանցիները, ԱՀԱԸ և Հայաստանում Ավետարանչական ընկերակցության ղեկավարները, դպրոցի հիմնադիր, կոորդինացիոն և հոգաբարձուների խորհուրդների ներկայացուցիչները, մեծաթիվ պատվավոր հյուրեր արտերկրից, Հայաստանում Ավետիսյան դպրոցի հետ համագործակցող տեղական, միջազգային և արտասահմանյան կառույցների, ուսումնական հաստատությունների, ստեղծագործական, գիտահետազոտական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Առաջինը ամբիոնին է մոտենում դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը: Շրջանավարտներին ողջերթի սրտագին խոսք և բարի խորհուրդներ հղելուց հետո նա շնորհակալության խոսք է ուղղում ամերիկահայ բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին ( նրանք այս անգամ հարգելի պատճառով չէին կարողացել գալ Երևան), Բիլեզիկյան ընտանիքին և մյուս բարերարներին, ԱՀԱԸ-ին՝ ի դեմս գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի, Հայաստանում ԱՀԱԸ ներկայացուցչությանը՝ ի դեմս տնօրեն Հարութ Ներսեսսյանի, բոլոր բարեկամ և գործընկեր կազմակերպություններին և, իհարկե, հանդիսությանը ներկա ծնողներին՝ Ավետիսյան դպրոցի տեսլականին հավատալու, նրան վստահելու, ուսման երկար ու ձիգ տարիներին միշտ դպրոցի կողքին լինելու համար:
Մեծ կյանքում հաջող նավարկություն ունենալու, ճշմարտացի ճանապարհով քայլելու, «նոր ու հզոր» հայրենիքը շենացնելու հայրական մաղթանքով շրջանավարտներին ողջերթի խոսք է ուղղում ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:
Օրվա բանախոսն էր բարերար Բիլեզիկյան ընտանիքի ներկայացուցիչը՝ տիկին Դորին Բիլեզիկյանը: Նրա ուղերձը տեսաֆիլմով ուղեկցվող քաջալերող և խորախորհուրդ պատգամ էր հայ պատանիներին՝ կյանքի խաչուղիներում դարանակալող վտանգների, դժվարությունների ու խոչընդոտների առջև չընկրկելու, չընկճվելու, ճանապարհը աներկյուղ շարունակելու մասին:
Շրջանավարտների անունից անգլերենով շնորհակալական խոսք է ասում Աննա Գալստյանը:
Եվ նորից՝ հանդիսավոր ու հուզիչ պահ: Ոտքի են կանգնում շրջանավարտները՝ դասղեկներ Գ. Հարությունյանի և Ն. Մարգարյանի հետ մեկտեղ: 31 գլխարկ միաժամանակ օդ են բարձրանում, 31 անուն մեկ առ մեկ բեմ են կանչվում, դպրոցի տնօրեն տիկին Գեղամյանը, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և բարերար Երվանդ Չեքիջյանը շրջանավարտներին են հանձնում նրանց հասունության վկայականները:
Ջերմ ձեռքսեղմումներ, շնորհավորանքներ, ակնթարթը լուսանկարով որսալու պահեր: Իսկ Տաթևիկ Մելիքսեթյանը բեմից իջնում է՝ «Կրթկապ» էլեկտրոնային հարթակի պարգևը ձեռքին:
Ջերմ ու անմիջական տրամադրությունը շարունակվում է նաև դպրոցի լուսավոր ճեմասրահում՝ հյուրասիրության սեղանների շուրջ: Պարզվում է, որ անկախ լեզվից, բնակության վայրից, մասնագիտությունից և զբաղմունքից՝ Ավետիսյան դպրոցի կամարների տակ հավաքվածներն, այնուամենայնիվ, շատ ասելիք ունեն միմյանց:
«Եվ թող ձեր մեծ նավարկության կողմնացույց դառնան գիտելիքն ու սերը»:
Մ. Գեղամյանի ուղերձից