Տարեմուտի ավանդական բարեգործական տոնավաճառն Ավետիսյան դպրոցում այս տարի անցկացվեց նոր ձևաչափով:
Մինչ աշակերտները դպրոցի ընդարձակ ճաշարանում դասարան առ դասարան ձևավորում էին իրենց ձեռքի աշխատանքները, դահլիճում նրանց ծնողները վայելում էին բազմաբնույթ ու բարձրաճաշակ կատարումներով հագեցած տոնական համերգը: Առաջին մասում ելույթ ունեցավ «Ավետիսյան» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Ա. Պողոսյան), որը ներկայացրեց երաժշտական կտորներ հայ և համաշխարհային կոմպոզիտորների սիրված և հանրամատչելի գործերից:
Այնուհետև բեմ դուրս եկան կրթահամալիրի մանկապարտեզի միջին խմբի սաները (երաժշտ. դաստիարակ՝ Հ. Արշակյան), որոնց փոքրիկ թաթիկները մանկական դափով, չխկչխկանով, զանգով, եռանկյունիով և քսիլոֆոնով ստեղծեցին երաժշտական մի գողտրիկ ներկայացում:
Ամենամեծ անակնկալը, սակայն, համերգի եզրափակիչ մասում էր, երբ բեմի շքեղ ռոյալին մոտեցավ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դաշնակահար Վ. Ռոլիչը: Նրա գլխավորությամբ ստեղծված համերգային տրիոն՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, օպերային երգիչներ Է. Խաչատրյանի և Հ. Թոնգուրյանի մասնակցությամբ, առաջին անգամ չէ, որ անհատույց համերգ է տալիս Ավետիսյանի կամարների տակ: Այսօր նրանց տոնական համերգացանկում սուրբծննդյան սիրված երգեր էին, նաև կատարումներ Շուբերտից, Վերդիից, Ազնավուրից…
Համերգը հասավ իր հեռահար նպատակին. դահլիճում անժպիտ դեմքեր չկային, և ծափերն էլ չէին դադարում: Հենց այդ չլռող ծափերի ներքո դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը հայտարարեց, որ թե՛ համերգի և թե՛ րոպեներ հետո բացվելիք դպրոցական տոնավաճառի հասույթը տրամադրվելու է ծանր վիրավոր մի զինվորի, ինչպես նաև 40 կարիքավոր ընտանիքների, և այդ գաղափարին զորակցելու համար ի սրտե շնորհակալություն հայտնեց ծնողներին, երաժիշտներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը:
Փոխադարձ ջերմության ու բարության այդ տրամադրությամբ էլ հանդիսատեսներն ուղղվեցին դեպի «բարեգործական տոնավաճառ», որտեղ նրանց արդեն սպասում էին անհամբերությամբ: Ի դեպ, ցուցադրված ապրանքները հենց իրենց՝ աշակերտների ձեռքի աշխատանքներն էին: Իսկ թե ինչ կատարվեց հետո, թող պատմեն լուսանկարները:
Բարությունը կփրկի աշխարհը. սա ոչ միայն Ավետիսյան դպրոցի և Հայ Ավետարանական եկեղեցու, այլև, վստահ ենք, բոլոր առաջադեմ մարդկանց կարգախոսն է: Եվ թող նոր՝ 2020 թվականի յուրաքանչյուր օրը դրա հաստատումը լինի: