Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն  է:

Սիդնի Հուք (ամերիկացի փիլիսոփա)

1622353_626921337376608_1341480288_oՍկսած 1994 թ.-ից՝   աշխարհի շուրջ հարյուր երկրներում, այդ թվում և Հայաստանում,  հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր: Այս օրը տոն է բոլորիս համար. չէ՞ որ յուրաքանչյուրս էլ ունեցել է ուսուցիչներ, ամեն մեկս էլ յուրահատուկ սիրով ու երախտագիտությամբ է հիշում գոնե մի ուսուցչի, որը  մեր կյանքում  ունեցել է ճակատագրական նշանակություն՝ փոխելով մեր աշխարհայացքն ու կյանքի ընկալումը: Լինում են նաև ուսուցիչներ, որ փոխում են աշխարհը. չէ՞ որ նրանց  ձեռքերում են գտնվում վաղվա գիտնականներն ու հանճարեղ գրողները, բժիշկներն ու ուսուցիչները: Հիշենք հանճարեղ Հյուգոյի խոսքերը.  «Գալիքը ուսուցչի ձեռքերում է»:

Ո՞վ է ուսուցիչը: Մեկը, որ սովորեցնում է սեփական օրինակով՝ տալով ոչ միայն հանրագիտարանային ճշմարտություններ, այլև սովորեցնելով ճանաչել չարն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը, ճիշտն ու սխալը: Ուսուցիչը կրթում է երեխայի միտքն ու սիրտը, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը, նրա առջև բացում գիտության ու գրականության խորհրդավոր դռները, աշակերտին սովորեցնում զարմանալ՝ միևնույն ժամանակ նույնը սովորելով նաև նրանից:

Նա մեզ տալիս է թևեր, թևեր՝ մտքով ճախրելու, նորանոր բարձունքների հասնելու համար: Ուսուցիչը սովորեցնում է ամենակարևորը՝ սովորել, սերմանում սովորելու, նորն իմանալու ցանկություն, իսկ «առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի» (Սաադի):

Ուսուցիչների մասին կան անթիվ-անհամար բանաստեղծություններ ու երգեր, աֆորիզմներ ու թևավոր խոսքեր: Դրանցում ուսուցիչները հաճախ համեմատվում կամ հակադրվում են բժիշկներին ու իրավաբաններին: Դրանցից մեկում, օրինակ,  ուսուցչի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան բժշկինն ու փաստաբանինը. չէ՞ որ վերջիններս ստիպված չեն լինում իրենց աշխատասենյակում առանց որևէ օգնականի միաժամանակ հոգալու մի քանի տասնյակ մարդկանց ամենատարբեր կարիքները: Ուսուցիչն է, որ ընդունակ է քառասունհինգ րոպեում շփվելու քսան-երեսուն աշակերտի հետ՝ միաժամանակ նրան և՛ սովորեցնելով, և՛ նկատելով այդ օրը նրա վատ տրամադրությունն ու խնդիրները, և’ սրբելով նրա արցունքները, և՛ լիաթոք ծիծաղելով կամ զայրանալով նրա մանկական չարաճճիության վրա:

Ուսուցչին հակադրում են նաև պետության ղեկավարին. «Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար» (Ու. Չենինգ):

Կրթությունը հաջողության բանալին է, կամ գոնե ուզում ենք հավատալ դրան,    իսկ գաղտնիք չէ, որ փոքրիկ բանալին կարող է բացել հսկայական դռներ: Քանի՜ ուսուցիչ է մեր առջև այդպիսի դռներ բացել: Այն նաև զենք է, զենք աշխարհը փոխելու, այն ապրելու ու արարելու համար ավելի լավ վայր դարձնելու համար: Հանրահայտ է  Նելսոն Մանդելայի հետևյալ միտքը. «Կրթությունն ամենահզոր զենքն է, որ դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար», իսկ այդ ամենազոր զենքը գտնվում է ուսուցչի ձեռքերում:

Այսօր՝ Ուսուցչի տոնին, ենք աշակերտին թևեր տվող ուսուցիչների առջև, շնորհավորենք ու շնորհակալություն հայտնենք, մեծարենք նրանց՝ մաղթելով, որ կյանքում նրանց թևերը ոչ ոք չկտրի, որ նրանց միտքը մինչև խոր ծերություն լինի պայծառ, իսկ աչքը՝ ամենատես:

                                                                                                   Մելանյա Գեղամյան