Վաղ առավոտից տոնական երգն ու երաժշտությունը հուզումնալից մթնոլորտ են ստեղծել դպրոցի ընդարձակ բակում: Պահն ավանդական է՝ փուչիկներով, ծաղկեփնջերով, տոնական հարդարանքով: Բակում հավաքված փոքրիկների դեմքերին միախառնվել են ժպիտն ու հուզմունքը: Մի փոքր հեռվից ծնողները հետևում են իրենց բալիկներին:
Դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանը փոքրիկների ծնողներին ևս մեկ անգամ հիշեցնում է Երևան քաղաքի պարետի և առողջապահության նախարարի՝ նոր պայմանների վերաբերյալ հրահանգները, ծանոթացնում այդ կապակցությամբ դպրոցում իրականացված քայլերին, շնորհավորում ուսումնական տարեսկզբի կապակցությամբ և փոքրիկներին հրավիրում է ներս:
Ավետիսյան կրթահամալիրի ամբողջ ուսուցչակազմի ծափերի և ողջերթի բացականչությունների ներքո իրենց դպրոց առաջին անգամ ոտք են դնում 65 առաջինդասարանցիներ, իսկ նորաբաց Ավետիսյան քոլեջի նախակրթարան՝ 49 փոքրիկներ:
Սեպտեմբերի 14, անմոռանալի օր, Ավետիսյան դպրոց: Եվ ոչ մի համավարակ չի կարող մթագնել այս խանդավառ տրամադրությունը:
Բարի՜ երթ ուսման խորախորհուրդ ուղիներում, սիրելի՛ փոքրիկներ: