2020թ. սեպտեմբերի 25-ին Ավետիսյան դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտները դասղեկ Քրիստինե Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նրանց ներկայացրեց էկոկենտրոնի պատմությունը, կառուցվածքը, յուրաքանչյուր ճյուղի հիմնախնդիրները:

Աշակերտները հարցեր տվեցին տնօրենին և զրուցեցին բնական հիմնախնդիրների շուրջ: Էկոկենտրոնի գիտաշխատողները երեխաներին պատմեցին շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կողմից կատարվող հետազոտությունների մասին, ծանոթացրին կենտրոնի սարքավորումներին և գործունեությանը:

Հատկապես հետաքրքրական էր վերջին սերնդի գերհզոր մանրադիտակի ուսումնասիրությունը: Աշակերտները մեծ ոգևորությամբ հետևեցին այդ մանրադիտակի օգնությամբ տերևի փոքր կտորի վրայի փոշու ուսումնասիրությանը, բացահայտեցին, թե ինչ տարրեր են մտնում նրա բաղադրության մեջ, և նույնիսկ ուսումնասիրեցին նրա կազմի մեջ մտնող մանր մասնիկների 3D պատկերները: Հպարտության առիթ էր  այն, որ այդ սարքն այսօր գոյություն ունի ընդամենը երեք երկրներում: Վերջում աշակերտները մասնակցեցին նաև հողի նմուշառման աշխատանքներին:
Ինչպես գիտենք, մինչ այդ 12-րդ «ա» դասարանի աշակերտները կատարել էին ուսումնասիրություններ՝ Ավետիսյան դպրոցի էկոանձնագիրը ստեղծելու նպատակով: Այցելելով էկոկենտրոն՝ նրանք ձեռք բերեցին նոր գիտելիքներ և պատրաստվում են շարունակել ուսումնասիրությունները՝ համագործակցելով էկոկենտրոնի հետ: