Ուսուցչի տոնն Ավետիսյան դպրոցում նշվեց գեղեցիկ, բայց և զուսպ հանդիսությամբ: Իր գործընկերներին ջերմ մաղթանքներ հղեց, հայ ուսուցչի դարավոր և հատկապես մերօրյա առաքելության մասին խոսեց կրթօջախի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը:
Ցերեկույթին ներկա էին նաև դպրոցի վաղեմի բարեկամները «Էլ Թի ՓԻ» (Հայաստան ծառատունկ) ընկերությունից, որի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը ներկաներին փոխանցեց դպրոցի հիմնադիր, բարերար Էդվարդ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը:
Մեր շնորհալի աշակերտները երգով, ասմունքով ու պարով ողջունեցին սիրելի ուսուցիչներին: Գործընկերներին իր հաճելի անակնկալը մատուցեց նաև տիկին Գեղամյանը: Ապա բոլորով Միացյալ Նահանգներ՝ սիրելի բարերարին հղեցինք մեր համերաշխ ու սրտագին ողջույնը և շուտափույթ հանդիպման բարի հորդորանքը:
Ավետիսյան դպրոցի ուսուցիչները, հիրավի, հպարտանալու շատ բան ունեն (դրա վառ վկայությունն են մեր սաների դպրոցական և հետդպրոցական ակնհայտ հաջողությունները). և մի՞թե նրանց հրաշալի աշխատանքի արդյունքը չէին նաև բեմից հնչող անթերի հայերենն ու նաև անգլերենից հայերեն և հակառակը համաժամանակյա (սինխրոն) թարգմանությունը, որ սահուն և ճկուն կատարում էին 11-րդ դասարանի աշակերտները:
Թող այսպես շարունակվի քո անխոնջ տքնանքը, Ավետիսյանի ընտրյա՛լ ուսուցիչ:
Թող միտքդ միշտ այսպես պայծառ մնա, եռանդդ՝ անսպառ, աշակերտդ՝ միշտ շնորհակալ:
Եվ թող տոն լինի քո ամեն մի օրը: