Ավետիսյան դպրոցի ավագ դպրոցի աշակերտները և ուսուցչակազմը հյուրընկալեցին ամերիկահայ գրող, հրատարակիչ, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ, հետազոտող գիտնական և բարերար Հովսեփ Նալբանդյանին (Յովսեփ Նալպանտեան)։
Սա սփյուռքահայ մտավորականի և հասարակական գործչի հետ երկրորդ այցն էր Ավետիսյան դպրոց: Հյուրը դատարկաձեռն չէր եկել: Շարունակելով իր շրջայցը հանրապետության մարզերի և մայրաքաղաքի ուսումնական հաստատություններ՝ նա կատարում է հայության երկու հատվածները միացնող մշակութային դեսպանորդի՝ կամովին ստանձնած իր առաքելությունը. տարբեր լսարանների առջև ելույթ է ունենում պատմության, մշակույթի, ազգային հարցերի, Սփյուռքի և հայրենիքի տագնապների վերաբերյալ ելույթներով, ինչպես նաև նվիրում է իր հեղինակած գրքերից: Ի դեպ, վերջին երկու տասնամյակի ընթացքում Արցախում և Հայաստանում նրա նվիրաբերած գրքերի թիվն անցնում է 11 հազարից:
Այս անգամ նա նախ՝ ներկայացրեց, ապա՝ Ավետիսյան դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակած 10 անուն գիրք, որոնց թվում նաև «Լույս» վեցհատորյա հանրագիտակի երկու հատորը: