Այո՛, «գիրք կարդալը ծով մտնելու նման է» և «անկեղծությունը պարտավորությամբ չի լինում»…

Արդեն պատանի մեր «Գրական վերնատունը» (ղեկավար՝ Լ. Բախշյան) ընդունեց իր չորրորդ հյուրին՝ Հայաստանի վաստակավոր դերասան, սիրված արտիստ և հաղորդավար Խորեն Լևոնյանին: Երիտասարդության (և ոչ միայն) սիրելի դերասանին հրավիրելու խնդրանքով մեր գրասերները դպրոցի ղեկավարությանն էին դիմել դեռ խմբակի նորաստեղծ ժամանակ՝ անցած ուստարում, սակայն իրավիճակը հնարավորություն չտվեց իրագործելու նրանց ցանկությունը: Մինչդեռ առիթը կար. դա տաղանդավոր արձակագիր Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի քննարկումն էր, որը համընկավ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում այդ գործի հիման վրա նկարահանված (ռեժ.՝ Հ. Կբեյան) 16-մասանոց հեռուստասերիալի ցուցադրմանը, սերիալ, որտեղ ավարտական դասարանի վերջին ուսուցիչ Վահան Մամյանի կերպարը մարմնավորում էր Խորեն Լևոնյանը:

Եվ ահա «վերջին ուսուցիչը» Ավետիսյանի դահլիճում է: Անսալով սիրված դերասանին տեսնելու, լսելու, հարցեր տալու բազմաթիվ ցանկություններին՝ «Գրական վերնատունն» իր այս հավաքը վերածեց «ընդլայնված դասի»… ամբողջ ավագ դպրոցի համար:

Հանդիպման առաջին իսկ րոպեներից մթնոլորտը ջերմացրին վիպակից արված մեջբերումներն ու նրա քննարկումը: Այո՛, «գիրք կարդալը ծով մտնելու նման է» և «անկեղծությունը պարտավորությամբ չի լինում», այո՛, «ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես», այո՛, «ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում…»:

Եվ սկսվեց անկեղծ ու անմիջական զրույցը դերասանի և ավետիսյանցի պատանիների միջև: Մի երկա՜ր դաս էր դա մեծերի ու փոքրերի, ուսուցչի և աշակերտի, սիրո և հավատարմության, մարդկային լավագույն հատկանիշների, սխալվելու և ներելու մասին: Հյուրը անկեղծորեն պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին, խոսեց իր ուղու, քաղաքացիական կեցվածքի, ստեղծագործական ծրագրերի մասին:

— Մենք պետք է ուժեղ լինենք ազգովին, մենք պետք է մեր արժանապատիվ կեցվածը պահպանենք ամենուր և ամեն ինչում: Սա՛ է մեր ազգային ամենամեծ արժեքը, որը ստեղծել, աշխարհում հաստատել և կյանքի գնով պահել ենք դարերում: Ուժե՛ղ եղեք,- հրաժեշտի պահին ասաց սիրված դերասանը:

Դահլիճի ջերմ ծափերի ներքո դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը թանկագին հյուրին հանձնեց հուշանվերներ և 11-րդցիների պատրաստած անակնկալը՝ Խորեն Լևոնյան արվեստագետի «գեղարվեստական անձնագիրը»՝ փակ տուփի մեջ: Իսկ թե ինչ հատկանիշներով պիտի ճանաչեն այդ անձնագրի տիրոջն ամենուր, գաղտնիքը կիմանա ինքը… տուփը բացելուց հետո: