Երգ-երաժշտության դասին

Աշակերտ – Ամեն անգամ մոռանում եմ Արամ Խաչատրյանի երկրորդ հայտնի բալետի անունը:

Ուսուցիչ – Իսկ դու ամեն անգամ հիշիր ձեր ֆրանսերենի ուսուցչուհուն և չես մոռանա:

Աշակերտ – Հասկացա՜, Արամ Խաչատրյանը գրել է «Սպարտակ» և «Տիկին Գայանե» բալետները:

 

Հոլովը

Ուսուցիչ – Գոյականը ո՞ր  հոլովում է ստանում «ով» վերջավորությունը:

Աշակերտ — Որդիական:

 

Շախմատի հեռավար դաս 4-րդ դասարանում

Աշակերտ — Վա՜յ, պարո՛ն ուսուցիչ, այդ ի՞նչ է Ձեր հետևում՝ դաշնամո՞ւր:

Ուսուցիչ — Այո՛:

Աշակերտ — Յոթ տարի հետո ես կավարտեմ երաժշտականը, դեռ նոր եմ ընդունվել, և կգամ ձեր տուն՝ դաշնամուր նվագելու:

 

Ծնողները քննարկում են իրենց տղաների քաշկռտուքը

-Իմ Լևոնը կռվարար չէ, նա դաստիարակված երեխա է:

-Իմ Դավոյին էլ դրդել են, որ խփի:

— Բալի՛կ ջան, դո՞ւ ինչի ձեն չես հանում, դու չէի՞ր կռվում:

— Չէ, մամ ջան, ես «տռենեռն» էի. ասում էի, թե ով խփի, ում խփի, ոնց խփի …

 

Փոխադրություն 3-րդ դասարանում

Պետք է գրել՝ «Վարդանը գնաց բանջարանոց»։

Աշակերտ (մոռացել էր բանջարանոց բառը) – Ընկե՛ր Հովհաննիսյան, էն ծաղկակաղամբանոցի անունն ի՞նչ էր։

 

Լուրջ դասղեկը

— Այսօր մեր դասղեկը հումորի զգացումը կորցրել էր:

— Ի՞նչ իմացար:

— Ալեքսի ոչ մի կատակին չժպտաց:

 

Առաջին դասարանում

Ուսուցիչ — Կ, ր, ի, ա — ի՞նչ ստացվեց, կարդա՛:

Լռություն:

Ուսուցիչ – Կրկնում եմ, նայի՛ր՝ կ, ր, ի, ա: Ի՞նչ ստացվեց:

Դարձյալ լռություն:

Ուսուցիչ – Ցույց եմ տալիս, նայի՛ր տառերին. կ, ր, ի, ա-ի՞նչ ստացվեց, դե կարդա՛:

Աշակերտ – Ստացվեց մուլտիկի черепаха-ն:

 

Անգիր հատված՝ «Վերք Հայաստանի»-ի «Հառաջաբան»-ից.

Աշակերտ- «Թո՛ղ ինձ այսուհետև տգեղ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ…»

 

Գրականության դաս 8-րդ դասարանում

Ուսուցիչ — «Ոչ ոք ըսավ. հե՛ք տղա,

Արդյոք ինչո՞ւ կմխա,

Թերևս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ, չմեռնի»:

Աշակերտ – Պետրոս Դուրյանի «Լճակի» այս տողերից հասկանում ենք, որ Դուրյանը ծխող էր: Բայց շատ ափսոս, չէ՞ որ նա դեռ պատանի էր…

 

Պատասխան 5-րդ դասարանի աշխատանքային տետրի հարցին

Հարց — Ի՞նչ ես հասկանում «մայրենի լեզու» ասելով:

Պատասխան — Մայրենի լեզու ասելիս ես հասկանում եմ, որ դա իմ հարազատ մայրն է, իսկ օտարը այդքան էլ հարազատ չի: