Աշխատասիրություն, հստակ նպատակ, կամքի ուժ

Օլիմպիադային եռուն շրջան է ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ավետիսյան դպրոցում: Արդեն ետևում է մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի և հայոց լեզվի օլիմպիադաների առաջին փուլը, որին մասնակցեցին ուժեղագույնները: Շուտով կկայանան քիմիայի, աստղագիտության, ինֆորմատիկայի օլիմպիադաները: Թե ավետիսյանցիներն ինչպե՞ս կդրսևորեն ուսումնառության տարիներին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կամքի ուժը, ցույց կտան առաջիկա համայնքային, իսկ հետո նաև հանրապետական փուլերը:

Մի փոքրիկ հարցազրույց՝ 2020-2021 ուստարվա օլիմպիադաներում փայլուն հանդես եկած երկու ավետիսյանցիների հետ: Մոնիկա ՍԱՀԱԿՅԱՆ՝ ֆրանսերենի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող և արդեն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող: Արամ ԱԲՈՎՅԱՆ՝ նույն ուստարում մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներով լավագույն յոթնյակի մեջ հայտնված, ներկայումս 6-րդ «բ» դասարանի աշակերտ:

Հուսով ենք՝ ուսման, կյանքի և հաղթելու վերաբերյալ հարցերին նրանց պատասխանները խթան և քաջալերանք կդառնան այս օրերին գիտելիքների «մրցավեճի» դուրս եկած մեր մյուս գիտակների համար:

Հարց Ի՞նչ է պետք օլիմպիադայում և, ընդհանրապես, հաղթանակի և հաջողության համար:

Մոնիկա — Կարծում եմ՝ բավական են աշխատասիրությունը, հստակ ուրվագծված նպատակն ու անկոտրում կամքը: Եթե դրանք կան, ուրեմն դեպի հաջողություն տանող ճանապարհի կեսն արդեն իսկ հաղթահարված է:

Արամ — Դժվարը առաջին փուլն է՝ դպրոցականը, երբ չգիտես, թե ինչ բարդության առաջադրանքներ ես լուծելու: Այդ փուլում հաղթելուց հետո արդեն ավելի ուժեղ ես դառնում և ավելի վստահ: Ամեն աշակերտ էլ կարող է մասնակցել իր սիրած առարկայի օլիմպիադային, եթե աշխատասեր է և ունի ցանկություն:

Հարց Դա՞ս, թե՞ նախասիրություն:

Մոնիկա – Ճիշտ չէ, թե լավ սովորելը կամ շատ պարապելը խանգարում է լիարժեք կյանքով ապրելուն, և պետք չէ ամբողջ օրը գրքերից կառչած մնալ: Կարևոր է, որ ժամանակ գտնես քո նախասիրությունների համար ևս: Ես, օրինակ, միշտ էլ ժամանակ եմ գտել երգի, գեղարվեստական ընթերցանության և պարի համար:

Արամ – Ամենից շատ ֆիզկուլտուրան եմ սիրում, երբ կարողանում ես հանգստանալ հոգնեցուցիչ երկար դասերից: Իսկ պլանշետով խաղալիս մոռանում եմ բոլոր տհաճ ու տխուր բաները, վայելում եմ իմ աշխարհը:

ՀարցԻ՞նչ կպատմեք ձեր երազանքների մասին:

Մոնիկա – Իմ նպատակների մի մասը իրականացել է, մյուսները «ճանապարհին» են։ Առաջնային էր բարձր միավորներով իրավաբանական ֆակուլտետ ընդունվելս, ինչը ստացվեց։ Մնացածն էլ կլինի ժամանակի ընթացքում։

Արամ – Երազում եմ դառնալ հայտնի ծրագրավորող, ստեղծել մի այնպիսի համակարգչային խաղ, որն ուրախություն կպատճառի բոլոր երեխաներին: Եվ մեծ գումարներ աշխատել այդ խաղի շնորհիվ:

ՀարցԻ՞նչ կմաղթեք ավետիսյանցիներին:

Արամ – Որ չվախենան պարտությունից, որ պարտությունը պատճառ դառնա կենտրոնանալու, ուժերը հավաքելու և պայքարը շարունակելու: Իսկ ընդհանրապես կուզենայի, որ բոլոր նրանք, ովքեր երազում են, գոնե մի մրցույթից որևէ մրցանակ ստանան:

Մոնիկա – Եթե հետ դառնային դպրոցական տարիներս՝ թե՛ ուրախ և թե՛ դժվար պահերով, ես ոչինչ չէի փոխի: Հակառակ դեպքում ես չէի լինի այն, ինչ հիմա եմ:

Իսկ իմ սիրելի ավետիսյանցիներին մաղթում եմ ունենալ հիշարժան ուսումնական տարիներ և ինքնաճանաչման ճանապարհին գտնել իրենց սիրելի առարկան, զբաղմունքը, ապագա մասնագիտությունը։

Զրուցեց Զ. Սարգսյանը