Բնապահպանություն. թափոններ, իրազեկում

Բնապահպանական կրթության գլխավոր խնդիրը շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: Այդպիսի հարցերից մեկն էլ թափոնների հիմնախնդիրն է, որի գոյությունը Հայաստանում անհնար է չնկատել: Թափոնների հարցում մեր երկիրը լուրջ խնդիրների առջև է կանգնած բոլոր առումներով՝ սկսած ընտանիքներում դրանց անբավարար գիտակցումից: Ահա թե ինչու թափոնների հարցը հիանալի հարթակ է մի կողմից՝ բնական պաշարներին, բնության աղտոտմանը և էկոլոգիային առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների տարածման, մյուս կողմից՝ դպրոցում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Ցավոք, մեր հասարակության շրջանում թափոններն առանձնացնելու և պատրաստակամությունը և գիտակցությունը դեռևս քիչ չափով են առկա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց հավաքման և վերամշակման ենթակառուցվածքները մեր երկրում դեռևս լայն տարածում չունեն: Ուստի թափոնների կառավարման գործընթացը պետք է սկսվի մտածելակերպի համազգային փոփոխությունից՝ սկսած դպրոցից: Այդ նպատակով մանկավարժ Քրիստինե Գևորգյանի նախաձեռնությամբ Ավետիսյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Բնօգտագործում» առարկայի հերթական դասն անցկացրին ISSD հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրի օգնական (project assistant) Օֆելյա Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր օրգանական թափոնների վերամշակման անհրաժեշտության և կիրառվող ուղիների մասին: Նման գործունեությունը դպրոցում աշխարհագրության տեսակետից կարևոր է այնքանով, որ նպաստելով էկոդաստիարակությանը՝ փոխում ենք աշակերտների վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ: Իսկ դա ևս մեկ առաջաքայլ է այս լուրջ մարտահրավերը հաղթահարելու տեսանկյունից: