Մատչելի և հասկանալի

Այս անգամ ավետիսյանցիների հյուրերն էին ՏՏ ոլորտում ակնհայտ հաջողությունների հասած ծրագրավորողներ Ռուբեն Մեսչյանը («Ծրագրավորման արվեստը») և Վազգեն Հակոբջանյանը (Teamable, YerevaNN): Նրանք 8-12-րդ դասարանների աշակերտներին մատչելի և հասկանալի ձևով նկարագրեցին այն ճանապարհը, որով ընթանալու է ծրագրավորողի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր ոք, և բացեցին մի քանի «հույժ կարևոր» գաղտնիքներ՝ հմտանալու, փնտրված մասնագետ դառնալու:

Մասնագիտական կողմնորոշման հարցում ավագ դպրոցի աշակերտներին օգնելու նպատակով ուստարվա ընթացքում Ավետիսյան դպրոցում ավանդաբար տասնյակ միջոցառումներ և հանդիպումներ են կազմակերպվում: Այս հանդիպումը, կարելի է ասել, արդյունավետներից մեկն էր, քանի որ դահլիճից բանախոսներին ուղղված հարցերն արդեն շոշափելի և առարկայական էին, և հիմնական հարցադրողներն էլ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիներ էին, ոմանք՝ ՏՏ ոլորտում առաջին երկչոտ քայլերն անող:

Որտե՞ղ կարելի է սովորել համակարգչային այս կամ այն ծրագիրը: Ինչի՞ց սկսել: Սկսնակի համար ծրագրային ո՞ր լեզուն է ամենամատչելին: Ի՞նչ դժվարությունների կհանդիպես, եթե դպրոցում մաթեմատիկայից չես «փայլում»: Ո՞ր մասնագիտությունների համար պարտադիր կամ ցանկալի է համակարգչային որևէ լեզվի իմացությունը և այլն և այլն: Այսպիսի հարցեր էին հուզում մեր պատանիներին: Եվ այդ հարցերից ոչ մեկը անպատասխան չմնաց:

Մի բան պարզ էր, և դա բազմիցս կրկնեցին և իրենց օրինակներով հիմնավորեցին, նաև դահլիճին ոգևորեցին բանախոսները. սկսելը երբեք ուշ չէ, պետք է ռիսկի դիմել և, որ ամենակարևորն է, լավ սովորել դպրոցական բոլոր առարկաները՝ ֆիզիկայից մինչև ֆիզկուլտուրա, քիմիայից մինչև կերպարվեստ…