Բեմադրիչի վարպետություն և հարուստ փորձ՝ մի կողմից, դերասանական ձիրքով օժտված պատանիներ՝ մյուս կողմից: Եվ համառ աշխատանք: Ավետիսյան դպրոցի թատերական խմբակի ներկայացումների հաջողության բանաձևն է սա: Դրա հիմնավորումը եղավ խմբակի վերջին ներկայացումը, որը ևս մեկ անգամ փաստեց, որ խմբակի առաքելությունն է նպաստել աճող սերնդի թատերական ճաշակի ձևավորմանը և մեր գրականությունը ավելի լայնորեն ճանաչելուն:
Խմբակի ղեկավար, գրող և հրապարակախոս Հակոբ Միքայելյանն այս անգամ ընտրել էր արևելահայ և արևմտահայ գրականության երեք անմոռանալի պատկեր, երեք չքնաղ ստեղծագործություն՝ Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա»-ն, Միքայել Մանվելյանի «Ծաղրածուն» և Ավետիս Ահարոնյանի «Արյունոտ թթխմոր»-ը:
Համոզիչ և տպավորիչ էր Նիկա Խշվեջյանի, Արազ Բալյանի, Ջորջ Բոկսուլյանի և Լիլիթ Կարապետյանի խաղը: Նրանց հաջող բեմելին մաղթենք նոր դերեր, մեծ բեմեր: