Ավետիսյան դպրոցի բեմում… թատրոնն էր
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) «Հայասա» թատերախմբի «Հայրիկը» պիեսը (բեմադրիչ՝ Նունե Աբրահամյան) Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում Ավետիսյան դպրոցի սաները եւ ուսուցիչները դիտեցին հափշտակությամբ՝ հուզվելով, տխրելով եւ ուրախանալով բեմական հերոսների հետ: Եվ բնական էր, որ շատ-շատերը ցանկություն ունեցան հանդիպելու այդ հերոսները կերպավորող դերասանների եւ բեմադրիչի հետ:
Եվ ահա դպրոցի ղեկավարության հրավերով մեր բեմում են ռեժիսոր Նունե Աբրահամյանը, սիրված եւ ճանաչված դերասաններ Արա Գեւորգյանը, Սմբատ Ստեփանյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ փոքրիկ դերասանուհի Արփին:
Ասուլիսն սկսվեց ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) բաժնի տնօրեն, վերապատվելի Ավետիք Խաչատրյանի առաջնորդությամբ միաձայն ասված Տերունական աղոթքից հետո:
Պատմական իրողության վրա հիմնված այս դրամատիկական ստեղծագործությունը պատմում է Մեծ եղեռնին հաջորդած տարիներին Հայ Ավետարանական եկեղեցու պատվելի Ահարոն Շիրաջյանի ինքնանվեր եւ անձնուրաց որբախնամ գործունեության մասին: Ներկայացման յուրաքանչյուր դրվագ հուզիչ էր յուրովի եւ տեղիք էր տալիս լրջորեն մտորելու: Ուստի, բնականաբար, տարբեր էին նաեւ հյուրերին ուղղված հարցերը՝ բնութագրական դերը փայլուն կատարելու գաղտնիքներից մինչեւ դերասանի ուղու խաչմերուկներ եւ ոլորաններ:
Գեղեցիկ հուշից բացի, այս հանդիպումից ծնվեց մի լավ մտահղացում՝ Ավետիսյան դպրոցում ստեղծել դերասանական արվեստի դասընթաց, որի միջոցով Հայաստանի վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանը եւ նրա խաղընկերները դերասանական վարպետության դասեր կտան մեր պատանի դերասաններին: