Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ եւ ծնողներ,
Այսօր Գիտելիքի եւ դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին եւ առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։
Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջեւ նպատակներ դնել, այլեւ հաղթահարել առաջացող դժվարությունները։
Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլեւ նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։
Բայց մինչ այդ պետք է անել առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց։
Այդտեղից է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, եւ իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։
Գիտելիք՝ կյանքի, մարդու, աշխարհի եւ բնության մասին… Այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։
Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ տան սովորական դռնից մինչեւ տիեզերանավի խցիկի դուռը, մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչեւ արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել։
Սիրելի աշակերտներ, մանկապարտեզի ձեր դաստիարակների, դպրոցի ձեր ուսուցիչների, եւ իհարկե, ձեր ծնողների օգնությամբ եք դուք հասնում գիտելիքին։
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին եւ հատկապես մեր առաջին ուսուցիչներին, որոնք խոր հետք են թողել մեր կյանքում։
Գիտելիքը ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի եւ անուղղակի իմաստով սարեր շրջել։
Այդ ուժն առաջին հերթին սնվում է Ընտանիքից, Հայրենիքից, հայրենի հողից։
Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը։ Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունն ու գիտելիքը, տիրապետել լեզուների եւ նորագույն տեխնոլոգիաների, ձեր բանականությամբ ստեղծել արհեստական բանականություն եւ այն ուղղել մեծ արժեքներ ստեղծելուն։
Բայց միշտ հիշեք, որ առաջնային են ընտանեկան ու ազգային արժեքները եւ ազգային նպատակները։
Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց եւ՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների եւ բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ Աստված, առ մարդը եւ առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը եւ ժողովուրդը։
Մաղթում եմ ձեզ առողջություն եւ խաղաղություն, հաջողություն եւ ամենայն բարիք։