2022-2023։ Խանդավառ մեկնարկ։ Լինել լավագույնը լավագույնների մեջ։
Սիրված, սպասված օր՝ 1-ը սեպտեմբերի։ Տոն գիտելիքի, գրի եւ դպրության։ Ավետիսյան դպրոցի ամենապայծառ օրերից մեկը։
Կանաչապատ, գունագեղ բակ։ ԱՇակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Երգ ու աղմուկ, գրկախառնություններ, ամառային տպավորություններ, դպրոցի ճամբարական առօրյայի հիշողություններ, խինդ ու ծիծաղ․․․ Իսկական տոնական իրարանցում, որ մեկ վայրկյանում ընդհատվում է համընդհանուր պատկառալից լռությամբ․ բարձրախոսին է մոտենում կրթահամալիրի տնօրենը՝ տիկին Մելանյա Գեղամյանը։ Նա ներկաներին շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հիշեցնում անցած ուստարվա ձեռքբերումները, ներկայացնում ապագայի ծրագրերը։ Տնօրենի խոսքը տոգորված է հայրենիքի, մարդու, ուսման եւ գիտելիքի հանդեպ ամենաջերմ սիրով ու հավատով։
Աշակերտներին 21-րդ դարին անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար այսօր Ավետիսյան կրթահամալիրում ստեղծված են բոլոր պայմանները՝ արդիական լաբորատորիաներ եւ կաբինետներ, լուսավոր եւ տրամադրող դասասենյակներ, հարուստ եւ հարմարավետ գրադարան, փորձադաշտ-ջերմոց․․․ Եվ այս ամենի հետ, իհարկե, նվիրյալ, հմուտ ու բանիմաց ուսուցիչներ։ Ահա թե ինչու եւ ինչպես են տարեցտարի բազմապատկվում դպրոցի սաների եւ շրջանավարտների հաջողությունները, բարձրանում կրթօջախի վարկն ու հեղինակությունը, զուգահեռաբար ավելանում է դպրոց դիմողների թիվը։
— Իմ շա՛տ սիրելի աշակերտներ,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց տիկին Մ․ Գեղամյանը,- մենք եւ մեր բարերարները ամենայն մանրակրկիտությամբ ենք նախապատրաստել ամեն ինչ՝ ձեր ուսման հաջող ընթացքի համար։ Ձեզ մնում է սովորել եւ միայն սովորել։ Ձեր տարիքում հենց դա՛ է ամենամեծ հայրենասիրությունը՝ սովորելը, գիտելիքներ ձեռք բերելը։ Հիշեք՝ բոլոր դարերում գիտելիքը ուժ է եղել, իսկ մեր հայրենիքի պարագայում, Նժդեհի խոսքերով ասած, ուժն է ծնում իրավունք։ Ուրեմն ապացուցե՛ք ձեր հայրենասիրությունն ու իրավունքը․ եղե՛ք լավագույնը լավագույնների մեջ․ չէ՞ որ ձեզ ենք վստահելու մեր հայրենիքի, մեր երկրի, մեր ժողովրդի ապագան։ Սովորե՛ք եւ լա՛վ սովորեք։ Իսկ մենք միշտ ձեր կողքին ենք։
Տնօրենի ելույթի ջերմ ոգին շարունակեցին դպրոցականներն իրենց սահուն եւ գեղեցիկ խոսքով, արտասանությամբ ու երգով։
Նոր ուստարվա բացման հանդիսությունն ավարտվեց ՀԱԵ վերապատվելի Հովհաննես Հովսեփյանի օրհնաբեր մաղթանքով եւ համընդհանուր «Հայր մերով»։
75 փոքրիկներ այս տարվա 12-րդցիների նվիրած «Այբբենարաններով» եւ նրանց կազմած կենդանի կամարի ներքո առաջին անգամ ոտք դրեցին Ավետիսյան դպրոց։
Եվ մինչ երեխաները տեղավորվում էին իրենց դասարաններում, նրանց արձակած փուչիկներն ու խաղաղության աղավնիները դեպի Անհունն էին տանում անկեղծ աղոթքի ու մաղթանքի արձագանքը։