Յուրաքանչյուր ամսի վերջին ուրբաթը Ավետիսյան դպրոցում «բաց դռների» օր է կամ, այլ կերպ, ծնող-ուսուցիչ երկխոսության, քննարկումների, հարցուպատասխանի օր:

Այդ հանդիպումների ընթացքում դպրոց այցելած ծնողներն առարկայագետ ուսուցիչներին կամ դասղեկին են դիմում իրենց երեխայի ուսման, վարքի և այլ էական հարցերով, մանկավարժների հետ քննարկում երկուստեք հուզող իրողություններ, միասին մշակում, նախանշում աշակերտի ուսման առաջադիմությանը նպաստող քայլեր: Ուսումնադաստիարակչական աշխատանքի այս ոճը վաղուց ապացուցել է իր առավելությունը նախկին ընդհանուր ծնողական ժողովների համեմատությամբ, որոնցում հաճախ անուն առ անուն հնչեցվող հրապարակային գովեստի ու պարսավանքի օգուտի և վնասի հարաբերության հարցը խիստ վիճելի էր ինչպես արդյունավետության, այնպես էլ էթիկայի առումով: Մինչդեռ «բաց դռների» օրը հնարավորություն է տալիս ուսուցչի հետ ծնողի անկեղծ խոսակցության՝ առանց կողմնակի անձանց ներկայության: Իհարկե, բացառություն են կազմում տարրական դպրոցի, հատկապես առաջին և երկրորդ դասարանների դասվարների հետ ծնողական կազմի համահավաք հանդիպումները, ծանոթությունը նոր ուսուցչի հետ, ընդհանուր կազմակերպական խնդիրների քննարկումները:

Եվ այսպես, 30-ը սեպտեմբերի, ամսվա վերջին ուրբաթ օրը: Ավետիսյան դպրոցն իր դռներն է բացել ծնողական հասարակության առջև: