«2026-2027-ը մեր համախումբ եւ համերաշխ աշխատանքով դարձնե՛նք բացահայտումների եւ թռիչքների ուսումնական տարի, հրաշալի տարի»:
Գիտելիքի օրվան նվիրված բացօթյա հանդեսում դպրոցի նախկին ակադեմիական դեկան, իսկ նոր ուստարվանից տնօրեն Սարին Խաչիկյանի այս ուղերձն ուղղված էր Ավետիսյան դպրոցի մեծից փոքրին, առաջինից մինչեւ տասներկուերորդ դասարաններ, աշխատակազմից մինչեւ ծնողական հանրություն:
Այսպես՝ ձեռք ձեռքի տված սկսվեց ավետիսյանցիների նոր ուսումնական տարին. ավանդույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրհներգով, վերապատվելի Ավետիք Խաչատրյանի աղոթքով, փոքրիկների երգ ու պարով:
Իսկ երբ տասներկուերորդցի Հակոբի ուսերին բազմած վեցամյա Հասմիկը ընդարձակ բակով մեկ հնչեցրեց իր եւ շատ տարեկիցների կյանքի առաջին դպրոցական զանգը, երեխաները շարվեցին դպրոցի մուտքի մոտ եւ սեպտեմբերյան ուրախ երաժշտության ներքո դասարան առ դասարան ոտք դրեցին, ավելի ճիշտ՝ վարար գետի նման «հոսեցին» կրթօջախի շենքից ներս:
Օրը նույնպես հրաշալի էր, ինչպես հրաշալի են ավետիսյանցիների ծրագրերը, եւ ինչպիսին լինելու է նորելուկ ուսումնական տարին:
