2026-2027 ուստարվա վերամուտը Ավետիսյան դպրոցում ավելի քան լավատեսական էր:

Դրան առանձնապես նպաստեց այն, որ մանկավարժական աշխատակազմը ուստարվա նախաշեմին արդեն իսկ հստակ պատկերացում ուներ թե՛մոտակա անելիքների եւ թե՛ առաջիկա երեք տարվա ընդհանուր տեսլականի մասին: Այդ հստակությունը ձեռք էր բերվել օգոստոսի վերջին դպրոցում անցկացված երկօրյա հավաքի շնորհիվ, որի ընթացքում աշխատակազմը ամփոփ եւ բովանդակալից ձեւով իրազեկվեց ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ դպրոցի նոր տնօրեն Սարին Խաչիկյանի դավանած սկզբունքներին, միասնաբար քննարկեց Ավետիսյան դպրոցի նպատակները եւ դրանց հասնելու հիմնական քայլերը: Մշակվեց դպրոցի առաջիկա ռազմավարությունը, որը ձեւավորվելու է նրա առաքելության, տեսլականի եւ հիմնական արժեքների խելամիտ եւ նպատակային համադրումից: Անշուշտ, արդիական կրթությանը զուգահեռ արժեւորվեց աշակերտներին ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների ոգով կրթելու հրամայականը:

Երկօրյա քննարկումներն անցան ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում՝ աշխատանքային դահլիճում եւ բացօթյա, սուրճի ընդմիջումով եւ նոր գործընկերների հետ ծանոթության զրույցներով: Չանտեսվեց ոչ մի մանրուք, բացահայտված ոչ մի խնդիր, դպրոցի առողջ գործունեության համար սահմանվեցին յուրաքանչյուր ոլորտի ընթացակարգերը եւ քաղաքականությունը, ինչպես նաեւ տեսլականը կյանքի կոչելու գործնական փուլերը:

Անցած շուրջ երեսնամյա գործունեության ընթացքում Ավետիսյան դպրոցում դրվել են հայ մանուկների լիարժեք կրթության եւ դաստիարակության կայուն հիմքեր: Այդ ամուր հենասյուների վրա դպրոցն այժմ ոտք է դնում վերընթացի արահետ՝ նպատակ ունենալով հայրենիքին եւ ազգին տալ 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ, մտքով հարուստ, կրթությամբ բազմածավալ եւ աշխարհայացքով լայն քաղաքացիներ: