Պատանեկան տարիքը, որը նույնպես համարվում է ավագ դպրոցական տարիք, ընդգրկում է 15-ից մինչև 17-18 տարեկանը:

Սոցիալական առումով պատանին միջանկյալ տեղ է գրավում դեռահասի և չափահասի միջև։ Պատանու սոցիալական դերերը և հետաքրքրությունները ոչ միայն ավելի մեծաթիվ են դառնում, այլև որակական փոփոխություններ են կրում, ինչպիսիք են ինքնուրույնությունը և պատասխանատվությունը:

Ավագ դպրոցականների մոտ սկսում է դրսևորվել ստեղծագործական գործունեությունը։ Հատկապես արագ են զարգանում հատուկ ընդունակությունները: Շատ աշակերտներ փորձում են իրենց տեղը գտնել տարբեր ոլորտներում՝ դերասանության, երաժշտության, նկարչության, տեխնոլոգիական և այլ բնագավառներում։ Ընդունակությունների զարգացման շնորհիվ պատանու մտավոր գործունեության կառուցվածքը դառնում է ավելի բարդ, քան զարգացման նախորդ փուլերում:

Այս փուլում շատ կարևոր է ավագ դպրոցականին նախապատրաստել մասնագիտական ընտրություն կատարելուն: Բարձր դասարաններում պետք է մեծացնել սովորողների ինքնուրույնությունը և արդեն դպրոցի շրջանակներում որոշ չափով ստեղծել մասնագիտանալու հնարավորություն:

Պատանեկան տարիքում շատ վառ են արտահայտվում ինքնավերլուծությունը և ինքնագնահատումը:

Ավագ դպրոցականի մոտ զարգանում են տրամաբանական մտածողությունը և խոսքը, ընդ որում խոսքը աչքի է ընկնում բառապաշարի հարստությամբ և արտահայտչականությամբ:

Մտածողությանը և խոսքին զուգահեռ՝ կատարելագործվում են ըմբռնումը, հիշողությունը և երևակայությունը:

Ավագ դպրոցականները դեռահասների համեմատությամբ ավելի խոր ըմբռնում ունեն բնության և գեղարվեստական երկերի վերաբերյալ: Այս տարիքում նրանց մեջ ձևավորվում են բարոյական, գեղագիտական ավելի խոր զգացմունքներ և մոտեցումներ:

Պատանեկությունը համարվում է անձի հասունացման և ձևավորման ավարտի փուլը: Այս տարիքում օրգանիզմում տեղի է ունենում սեռական հասունացում, բայց միաժամանակ պատանին դեռ սոցիալապես անորոշ արտաքին տեսք ունի (երեխա չէ, բայց հասուն էլ չէ), ավելացնենք շփումը տարբեր մարդկանց հետ, ում հետ նա պետք է համաձայնեցնի իր վարքը, և պատանեկան տարիքում ձևավորում են արժեքային կողմնորոշումները։ Սեփական հատկությունների մասին իմանալով, նոր գիտելիքներ յուրացնելով է ձևավորվում նաև պատանու աշխարհայացքը:

Պատանիները զգում են մեծահասակների օգնության կարիքը, որոնք նրանց գիտելիքներ ու փորձ են փոխանցոմ:

Ծնող-պատանի կապը ավելի արդյունավետ կլինի, եթե ծնողը նկատի առնի պատանեկան տարիքի այս բոլոր առանձնահատկությունները, պատանիների ձգտումներն ու ակտիվությունը, նաև հաշվի նստի նրանց ինքնուրույնության հետ և ցանկացած թեմայի շուրջ իր զավակի հետ զրուցի որպես ծնող-ընկեր, այլ ոչ որպես ծնող-բռնակալ:

Արփի Խաչատուրյան
Ավետիսյան դպրոցի հոգեբան-մանկավարժ