Բանավեճի ակումբ. Ավետիսյանցիներն անցան հաջորդ փուլ

Բանավեճի ակումբ. Ավետիսյանցիներն անցան հաջորդ փուլ

Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբը վերջին տարիներին միայն հաղթանակով է վերադառնում «տուն»: Մեր թիմը, որը ներկայումս մասնակցում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրով հանրապետության դպրոցների միջև անցկացվող բանավեճի մրցաշարին, հաղթել է մրցակիցներին և անցել երկրորդ փուլ:

Այժմ բանավեճի պատանի վարպետներն իրենց ղեկավար, մանկավարժ Անի Օհանյանի հետ նախապատրաստվում են «Պետության համար տնտեսությունը պետք է գերակա լինի բնապահպանությունից» թեմայով բանավեճին: Իսկ մինչ այդ հաղթահարված թեմաներն էին՝ «ՀԿ-ները չպետք է ֆինանսավորվեն «դրսից» և «Պատվաստումները պետք է լինեն պարտադիր»:

Ահա՛ նրանք, ովքեր պաշտպանելու են Ավետիսյան դպրոցի պատիվը՝ Գրիգոր Բարության (ձախից աջ), Անուշ Մանուկյան, Անի Օհանյան, Լուսինե Մանսուրյան, Աննա Հովսեփյան, Դավիթ Վարձելյան: Հաջողությո՛ւն մաղթենք նրանց. չէ՞ որ մինչև մրցույթի հաջորդ փուլը մնում են հաշված օրեր:

AMAA-ն եւ Imagine Hub by Soft-ը Ավետիսյան դպրոցում ներդնում են նոր ՏՏ կրթական ծրագիր

AMAA-ն եւ Imagine Hub by Soft-ը Ավետիսյան դպրոցում ներդնում են նոր ՏՏ կրթական ծրագիր

Ավետիսյան դպրոց. նոր, խոստումնալից ծրագիր

16 նոյեմբերի, 2021 թ.: Այսօր Ավետիսյան դպրոցում ստորագրվեց եռակողմ հուշագիր, որով կրթահամալիրում մեկնարկեց ՏՏ կրթական նոր մոդելի ծրագիր: Այն իրականացվելու է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) աջակցության և ֆինանսավորման, Imagine Hub by Soft ընկերության ֆինանսավորման և ծրագրային աջակցության շնորհիվ: Այս գերարդիական ծրագրի նպատակն է դպրոցականների համար կազմակերպել և իրականացնել ոչ ֆորմալ և ինտերակտիվ ծրագրավորման դասընթացներ, ստեղծել դրոնաշինության, ինժեներիայի և ստարտափ ձեռնարկատիրության լաբորատորիաներ:

Եռակողմ հուշագիրը ստորագրեցին ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը, Imagine Hub by Soft ընկերության տնօրեն Ինգա Վարդանյանը և Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մայրաքաղաքի տարբեր դպրոցների տնօրեններ, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Շամամ Գևորգյանը, Ավետիսյան կրթահամալիրի մանկավարժական աշխատակազմը, շրջանավարտներ և ավագ դպրոցի աշակերտներ, ովքեր խանդավառորեն ընդունեցին Imagine Hub by Soft ընկերության տնօրեն Ինգա Վարդանյանի հաղորդած մանրամասները նոր մոդելի ծրագրի նպատակների ու հեռանկարների մասին:

 

Հանրային ռադիոյի անդրադարձը. ՏՏ ոլորտը՝ դպրոցում

 

Լեզվի դերը առարկաների դասավանդման գործում. սեմինար Ավետիսյան դպրոցում

Լեզվի դերը առարկաների դասավանդման գործում. սեմինար Ավետիսյան դպրոցում

«Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ում կայացավ ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի «Լեզվի դերը առարկաների դասավանդման գործում» ծրագրի եռօրյա սեմինար պարապմունքը (առաջինն անցկացվել էր առցանց ձևաչափով): Մասնակցում էին անգլերենին տիրապետող առարկայագետ ուսուցիչներ ՀՀ մարզերից և Երևանից, այդ թվում՝ Ավետիսյան դպրոցի 6-հոգիանոց թիմը (սեմինարի համակարգող՝ Ավետիսյան դպրոցի մանկավարժ Ծովիկ Մանուկյան):

Ծրագիրը կյանքի է կոչվել ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի և Ավետիսյան դպրոցի համաֆինանսավորմամբ:

Ինչպե՞ս նպաստել աշակերտի լեզվի զարգացմանը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության կամ կենսաբանության դասի ընթացքում: Ինչպե՞ս համատեղել լեզուների և մյուս առարկաների դասավանդման նպատակները: Լեզվական ինչպիսի՞ դժվարություններ կարող են խանգարել աշակերտին այս կամ այն առարկայից տրված դասը հասկանալու կամ խնդիրը լուծելու համար, և ի՞նչ ճանապարհներ կան՝ այդ խոչընդոտները հաղթահարելու:

Մերօրյա այս հրատապ հարցադրումներին, դրանցից բխող խնդիրների վերլուծմանն ու վերացման ուղիներին էին նվիրված փորձագետներ Ժերոմ Բելիարի (Ֆրանսիա), Էլի Մոյի (Նորվեգիա) և Արտաշես Բարխանաջյանի (Հայաստան) ելույթներն ու մեկնաբանությունները, որոնց լսարանն արձագանքում էր աշխույժ քննարկմամբ:

Սեմինարի վերջին օրը հատկացվեց գործնական խմբային աշխատանքներին, որոնց ընթացքում տարբեր առարկաներից ընտրելով մեկական տեքստ՝ մասնակիցները ներկայացրին աշակերտի կողմից նրա ընկալման դժվարությունները և դրանց հաղթահարման նպատակով ուսուցչի ձեռնարկելիք քայլերը:

Սեմինար պարապմունքների աշխատանքը հանրագումարելով՝ ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի Հայաստանի ազգային պատասխանատու Լուսինե Ֆլջյանը հրավիրյալ փորձագետներին փոխանցեց հուշանվերներ:

Ներկաներին ողջունեց AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը:

Ջերմ էր նաև հրաժեշտի պահը. լուսանկարներ՝ սեմինարի ամբողջ կազմով, դպրոցի հիշարժան վայրերի խորքի վրա, շրջայց դպրոցում՝ Նարեի և Դավիթի անգլերեն բացատրություններով, նաև հուշանվերներ դպրոցից, որ գոհունակության իր խոսքի հետ հյուրերին փոխանցեց Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

«Լինել ուսուցանվող ուսուցիչ». սեմինար Ավետիսյան դպրոցում

«Լինել ուսուցանվող ուսուցիչ». սեմինար Ավետիսյան դպրոցում

Ավետիսյան դպրոցում շարունակվում է ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական աճի և կատարելագործման ընթացքը։ Այս ընթացքի մեջ, կրթության մասնագետ, Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը, այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, սեմինարներ է անցկացնում ուսուցչակազմի հետ:

Նոյեմբերի 4-ին, Ավետիսյան կրթօջախի մանկավարժների համար տիկին Ներսեսսյանն անցկացրեց սեմինար՝ «Լինել ուսուցանվող ուսուցիչ» խորագրի ներքո:

Սեմինարավարը հանգամանորեն կանգ առավ մանկավարժության արդյունավետությունն ապահովող գործոնների վրա, որոնցից առանձնացրեց և մանրակրկիտ ներկայացրեց ուսուցչի համար հույժ կարևոր ազդակը՝ մշտապես և անընդմեջ սովորելու պատրաստակամությունը: Տիկին Ներսսեսյանը նշեց, որ հոյակապ ուսուցիչները երբեք չեն դադարում սովորել, և դա անհերքելի է։ Իսկ ուսուցչի համար ի՞նչ է նշանակում լինել ուսուցանվող: Դա մանկավարժի պատրաստակամությունն է բաց լինելու, լսելու, սովորելու և սովորածը կիրառելու: Այդ գործընթացի արդյունքում է փոխվում, մասնագիտորեն աճում և կատարելագործվում ուսուցիչը:

Տիկին սեմինարավարն իր ասելիքը համեմում և հիմնավորում էր պերճախոս և ազդեցիկ օրինակներով: Դրանցից ամենատպավորիչը Հիսուսի օրինակն էր:

Հիսուսն, իրոք, հրաշալի ուսուցիչ էր: Եվ նրա «Սերմնացանի առակով» իր խոսքը նպատակակետին հասցրեց տիկին Ս. Ներսեսսյանը: Չորս տարբեր հողերի մեջ ընկան սերմնացանի ցանած սերմերը, ասել է թե՝ չորս տարբեր սրտերի մեջ,- համեմատություն անցկացրեց նա,- և դրանց հիմնական տարբերությունն այն էր, թե որքանով էին դրանք «պատրաստակամ՝ ստանալու, սովորելու, փոխվելու և աճելու համար»:

Հիսուսի առակում առաջին երեք հողերը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր պատրաստ և պատրաստակամ չեն ստանալու, սովորելու, փոխվելու և աճելու: Ճամփեզրին, ապառաժի վրա և փշերի մեջ չկար այն հողը, որտեղ սերմը կարող էր ծլարձակել և աճել, և միայն չորրորդ՝ պարարտ հողում էր, որ սերմը «հարատևելով պտուղ էր տալիս, կար որ մեկին` հարյուր, և կար որ մեկին` վաթսուն…»:

Այդպես է և այսօր. եթե ուզում ենք կյանքում հաջողակ լինել, պետք է պարարտ, լավ հողի պես լինենք, պետք է լինենք ուսուցանվող: Հատկապես՝ ուսուցիչները:

Ուսուցանվող մարդիկ բաց են սովորելու, բաց են փոխվելու և աճելու՝ հիմնվելով սովորածի վրա: Նրանք պտուղ են տալիս, այսինքն՝ ինչ-որ լավ բան են անում մարդկության համար:

Ավետիսյան դպրոցի մանկավարժների համար թեման սրտամոտ էր և հրատապ: Տիկին Ս. Ներսեսսյանը սիրով մեկնաբանություններ տվեց մտքերի փոխանակություն ընթացքում ծագած հարցադրումներին:

Ուսումնական այս տարվա ընթացքում, ուսուցիչներին համար նախատեսվում են հաճախակի սեմինարներ:

Հոկտեմբերյան խճանկար

Հոկտեմբերյան խճանկար

Երևանյան աշնան ամենաջերմ ամիսը՝ հոկտեմբերը, խոնարհաբար իր տեղը զիջեց անձրևաշատ նոյեմբերին: Իսկ մինչ այդ ավետիսյանցիները հասցրին լիովին վայելել հոկտեմբերի արևոտ ակնթարթները:

«Սերունդ» մանկական սրճարանում այսօր տոն է, «Ա» տառի, այսինքն՝ և I «գ» դասարանի տոնը, որն ուղեկցվեց զվարճալի խաղերով, պարերով, հայոց այբուբենի առաջին տառին նվիրված ոտանավորներով,«Այբ, բեն, գիմ» երգով, նաև «Ա» -ով թխվածքաբլիթներ համտեսելով: Դասվար Սիրանուշ Սարգսյանը և մյուս մեծերը հավասարապես ուրախացան այս պայծառ տոնով:

 

Իսկ այդ նույն ժամանակ XI-ցիները ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրենց ուսուցչուհու՝ Քրիստինե Գևորգյանի ղեկավարությամբ խորացել էին բնապահպանության գիտական ոլորտների մեջ:

 

Մեզնից ո՞վ չի մեծացել Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթներով ու բանաստեղծություններով: Իսկ III «ա» դասարանի փոքրիկները դասվար Ռուզան Մարգարյանի ուղեկցությամբ բարձրացան մեծ բանաստեղծի թանգարանի 54 աստիճաններով, «տեսան» Թումանյանի Լոռին ու Դսեղը, հեքիաթների նկարազարդումները: Ամենից գրավիչը, իհարկե, թումանյանական թեմաներով մուլտիպլիկացիոն ֆիլմերն էին, որոնք երեխաները դիտեցին շունչները պահած:

 

Իսկ VII «գ» դասարանը «Եղիշե Չարենց» ծրագրային թեման ամփոփելուց հետո այցելեց Չարենցի տուն-թանգարան: Այցն անչափ հետաքրքիր էր, անմոռաց: Դասղեկ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նվարդ Գրիգորյանի սաները թանգարանի աշխատակիցներին հիացրին հանճարեղ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության իրենց իմացությամբ:

 

VIII «ա» դասարանի դասղեկ Նարինե Մելիքյանի առաջարկով նրա սաները մայրաքաղաքի օրն անցկացրին քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանում և վերադարձան անմոռանալի տպավորություններով:

 

Թատերարվեստի երկրպագու VIII «բ» դասարանը մի հրաշալի երեկո անցկացրեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» դրաման մինչև վերջին վայրկյանը երեխաները դիտեցին հուզախառն և հափշտակված: Չդադարող ծափահարություններից հետո էլ նրանք անմիջապես չցրվեցին, այլ հենց թատրոնի մուտքի մոտ դասղեկ Զարուհի Ավետիսյանի հետ քննարկում էին ներկայացումը, որի ժամանակ աղջիկներից ոմանք նույնիսկ լաց էին եղել…

 

Ինչպե՞ս է ստեղծվել հայ գիրքը, ովքե՞ր են եղել առաջին հայ տպագրիչները, ի՞նչ ճանապարհ է անցել սիրված գիրքը մինչև իրենց հասնելը: Այս և նման բազմապիսի հարցերի պատասխանն ստացան II «բ» դասարանի աշակերտները, որոնք դասվար Լալա Սահակյանի հետ անցան գրատպության թանգարանի սրահներով, տեսան «Ուրբաթագրքի» օրինակը, հայերեն տպագիր առաջին քարտեզը և բազմաթիվ այլ հետաքրքիր նմուշներ, ուշիուշով հետևեցին ուղեվարի բացատրություններին:

 

Հոկտեմբերի վերջին կիրակին Գյումրու օր էր VIII «գ» դասարանի համար: Նրանք դասղեկ Լուսինե Մարգարյանի հետ ոտքով կտրեցին-անցան մեր Երկրորդ քաղաքի հնամենի փողոցները, լուսանկարվեցին սիրված կինոնկարներից իրենց հայտնի վայրերում, այցելեցին մեծ բանաստեղծների՝ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները, սիրված դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը: Շրջագայության վերջում նրանք փոքրիկ համերգ տվեցին հանրահայտ Սև բերդի հսկայական «բեմահարթակում»: Նրանց երգ ու նվագն արձագանքվում էր պատմական ամրոցի կամարները տակ և տարածվում մինչև Յոթվերք և ավելի հեռու:

Միշտ հին ու նոր Երևանի թանգարանում

Միշտ հին ու նոր Երևանի թանգարանում

ԵՐԵՎԱՆ-2803

Երևանի անցյալը, ներկան ու ապագան, ասես միաձուլված, սփռվել էին պատանիների հիացական հայացքների ներքո:

Միշտ հին ու նոր Երևանի թանգարանում

Մայրաքաղաքի տարեդարձին էր նվիրված Ավետիսյան դպրոցի 8-րդ «ա» դասարանի էքսկուրսիան դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան: Դասղեկ Նարինե Մելիքյանի հետ նրանք շրջեցին թանգարանի սրահներով, դիտեցին թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները, հնագիտական հավաքածուները, բազմաթիվ այլ առարկաներ, որոնք խոսուն վկան են մեր մայրաքաղաքի հարուստ հնագույն անցյալի, արտացոլում մեր ժողովրդի բազմադարյա մշակույթը, հոգևոր կյանքն ու գեղարվեստական բարձր ճաշակը: Պատանի ավետիսյանցիները ուշիուշով լսում էին թանգարանի աշխատակցի բացատրությունները, նրան ուղղում տարաբնույթ հարցեր:

Ինչպես և ակնկալվում էր, հատկապես ուշագրավ էր հին Երևանի մանրակերտը, որի համայնապատկերը պատանիներին տարավ 100 տարով ետ՝ շրջելու հին մայրաքաղաքի թաղամասերով ու փողոցներով, տեսնելու նրա եկեղեցիներն ու այգիները: Երևանի անցյալը, ներկան ու ապագան, ասես միաձուլված, սփռվել էին պատանիների հիացական հայացքների ներքո:

Երևանի քաղաքապետարանում ութերորդցիներին սպասում էր ևս մեկ հաճելի անակնկալ. նրանց այցը համընկավ գեղանկարիչ Սուրեն Խորենյանի գործերի ցուցահանդեսի բացման հետ: Անվանի նկարիչ Վահան Խորենյանի և սիրված երգչուհի Ֆլորա Խորենյանի որդին՝ Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ընկերակցության անդամ Սուրեն Խորենյանը «Ծաղիկներ» խորագրով իր այս ցուցադրությունը նվիրել էր մեր հերոսների հիշատակին: