Աշնանային ծառատունկ Ավետիսյան դպրոցի բակում

Աշնանային ծառատունկ Ավետիսյան դպրոցի բակում

Այսօր՝ հոկտեմբերի 21-ի կեսօրին, բահերի, քլունգների և դույլերի զնգոցն էր իշխում Ավետիսյան դպրոցի չորս կողմում: Ավագ դպրոցի սաները Ասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության և դպրոցի վաղեմի բարեկամ ու գործընկեր Armenia Tree Project (Հայաստան ծառատունկ) ծրագրի ներկայացուցիչների հետ կրթօջախի շրջակայքի ծառածածկը հարստացրին ևս 50 տնկիներով. տնկարկվեցին 25-ական գիհի և եղևնի:

Հողային աշխույժ աշխատանքից հետո պատանի ավետիսյանցիները հայերենով ու անգլերենով հյուրերին ներկայացրին սիրելի դպրոցի ներսակողմը:

2014 թվականին դպրոցի նոր շենքի շահագործումից հետո սա վեցերորդ ծառատունկն էր նրա շրջակայքում: Կանցնեն ոչ շատ տարիներ, և Ավետիսյան կրթօջախ մտնողներին կդիմավորի կանաչախիտ պուրակը:

Համատեղ ծառատունկի լուսանկարները՝ հաջորդիվ:

Մեր բնապահպանները ԳԱԱ կենտրոնում

Մեր բնապահպանները ԳԱԱ կենտրոնում

Արդեն 10 տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը, որի ուշադրության առանցքում ոչ ֆորմալ կրթությունն է: Վերջերս Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները «Բնօգտագործում» առարկայի ծրագրի շրջանակներում իրենց ուսուցչուհի Քրիստինե Գևորգյանի ղեկավարությամբ այցելեցին էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, որտեղ իրականացվում են կիրառական և հիմնարար ուսումնասիրություններ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, սննդի անվտանգությանը, գյուղատնտեսության և բնապահպանության այլ ոլորտների:

Ավետիսյան դպրոցի բնապահպանների պատվիրակներին ջերմորեն ընդունեց կենտրոնի տնօրեն Լ. Սահակյանը և իր գործընկերների հետ մեկտեղ նրանց ծանոթացրեց կենտրոնի՝ բնապահպանական ոլորտին առնչվող գիտական հետազոտություններին, հեռազննման և տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ օդատիեզերական մեթոդի կիրառման հմտություններին:

Նվեր՝ 10 անուն գիրք

Նվեր՝ 10 անուն գիրք

Ավետիսյան դպրոցի ավագ դպրոցի աշակերտները և ուսուցչակազմը հյուրընկալեցին ամերիկահայ գրող, հրատարակիչ, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, մանկավարժ, հետազոտող գիտնական և բարերար Հովսեփ Նալբանդյանին (Յովսեփ Նալպանտեան)։

Սա սփյուռքահայ մտավորականի և հասարակական գործչի հետ երկրորդ այցն էր Ավետիսյան դպրոց: Հյուրը դատարկաձեռն չէր եկել: Շարունակելով իր շրջայցը հանրապետության մարզերի և մայրաքաղաքի ուսումնական հաստատություններ՝ նա կատարում է հայության երկու հատվածները միացնող մշակութային դեսպանորդի՝ կամովին ստանձնած իր առաքելությունը. տարբեր լսարանների առջև ելույթ է ունենում պատմության, մշակույթի, ազգային հարցերի, Սփյուռքի և հայրենիքի տագնապների վերաբերյալ ելույթներով, ինչպես նաև նվիրում է իր հեղինակած գրքերից: Ի դեպ, վերջին երկու տասնամյակի ընթացքում Արցախում և Հայաստանում նրա նվիրաբերած գրքերի թիվն անցնում է 11 հազարից:

Այս անգամ նա նախ՝ ներկայացրեց, ապա՝ Ավետիսյան դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակած 10 անուն գիրք, որոնց թվում նաև «Լույս» վեցհատորյա հանրագիտակի երկու հատորը:

Եվ թող տոն լինի քո ամեն մի օրը…

Եվ թող տոն լինի քո ամեն մի օրը…

Ուսուցչի տոնն Ավետիսյան դպրոցում նշվեց գեղեցիկ, բայց և զուսպ հանդիսությամբ: Իր գործընկերներին ջերմ մաղթանքներ հղեց, հայ ուսուցչի դարավոր և հատկապես մերօրյա առաքելության մասին խոսեց կրթօջախի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը:

Ցերեկույթին ներկա էին նաև դպրոցի վաղեմի բարեկամները «Էլ Թի ՓԻ»  (Հայաստան ծառատունկ) ընկերությունից, որի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը ներկաներին փոխանցեց դպրոցի հիմնադիր, բարերար Էդվարդ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը:

Մեր շնորհալի աշակերտները երգով, ասմունքով ու պարով ողջունեցին սիրելի ուսուցիչներին: Գործընկերներին իր հաճելի անակնկալը մատուցեց նաև տիկին Գեղամյանը: Ապա բոլորով Միացյալ Նահանգներ՝ սիրելի բարերարին հղեցինք մեր համերաշխ ու սրտագին ողջույնը և շուտափույթ հանդիպման բարի հորդորանքը:

Ավետիսյան դպրոցի ուսուցիչները, հիրավի, հպարտանալու շատ բան ունեն (դրա վառ վկայությունն են մեր սաների դպրոցական և հետդպրոցական ակնհայտ հաջողությունները). և մի՞թե նրանց հրաշալի աշխատանքի արդյունքը չէին նաև բեմից հնչող անթերի հայերենն ու նաև անգլերենից հայերեն և հակառակը համաժամանակյա (սինխրոն) թարգմանությունը, որ սահուն և ճկուն կատարում էին 11-րդ դասարանի աշակերտները:

Թող այսպես շարունակվի քո անխոնջ տքնանքը, Ավետիսյանի ընտրյա՛լ ուսուցիչ:

Թող միտքդ միշտ այսպես պայծառ մնա, եռանդդ՝ անսպառ, աշակերտդ՝ միշտ շնորհակալ:

Եվ թող տոն լինի քո ամեն մի օրը:

Սեպտեմբերյան խճանկար

Սեպտեմբերյան խճանկար

«Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից». Րաֆֆի:

 

Սեպտեմբերյան խճանկար

Անցավ ղողանջուն սեպտեմբերը՝ տխուր և ուրախ, հուզումնալից ու հագեցած, դասերով և դասացուցակով, հյուրերով ու հանդիպումներով, համազգային խոնարհումի և լռության րոպեով և աշնան ջերմացնող արևով…

Ուստարվա առաջին երեսնօրյակում Ավետիսյան դպրոցի հևքն ու ոգին ներկայացրել էինք մեր կայքէջի նախորդ հրապարակումներով:

Իսկ այսօրվա լուսանկարային խճանկարը պատմում է այն մասին, թե այդ նույն սեպտեմբերին դասերից բացի էլ ինչով էին ապրում և ինչպիսի՛ն են ավետիսյանցիները՝ ուսուցիչ ու աշակերտ:

Հետևե՛ք մեր երթուղուն, և դուք մեզ հետ կհասնեք Դղեր ու Սուրբ Կարմրավոր, Գյումրի, Աշտարակ և Էջմիածին, Մատենադարանի հոգևոր պահեստարանից մինչև Բյուրականի աստղային երկինք ու բնության թանգարան, մինչև Սև բերդ ու Ամբերդ, մեր սրբավայրերից ու թանգարաններից մինչև Մաչանենց տուն…

Անցե՛ք մեզ հետ այդ ուղին, վերհիշե՛ք մեր պատմությունն ու քարտեզը, մշակույթն ու հոգևոր գանձերը: Քանզի հայրենիքը սիրում են՝ այն ճանաչելով:

 

Ափսոս, որ դասը կարճ էր…

Ափսոս, որ դասը կարճ էր…

Ավետիսյան դպրոցում դարձյալ ուսումնական եռուզեռ է: Ահա 11-րդ «ա» դասարանի գրականության հերթական դասը (ուսուցիչ՝ Լ.Բախշյան), ավելի ճիշտ՝ դաս-դատավարությունը, քանի որ ամբողջ 45 րոպե քննվում էր Սառան ընդդեմ Ռուբեն Թուսյանի «հայցը»: Թե՛ հայցվոր և թե՛ պատասխանող կողմերը՝ իրենց փաստաբաններով, դատավորով, պետական մեղադրողով և անկախ դիտորդներով, «զինված» էին Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի յուրաքանչյուր տողով ու տողատակով, ՀՀ ՔՕ և Սահմանադրության համապատասխան հոդվածներով, և, իհարկե, պատանեկան անմիջականությամբ:

Դատավարությունն այնքան թեժ էր, որ ընթացքում երբեմն ջնջվում էր ժամանակի և տարածության սահմանագիծը: «Կողմերն» իրենց բորբոքուն հարցադրումներով, հակադիր դատողություններով, փաստարկներով և եզրահանգումներով վեր հանեցին վիպակում առաջ քաշված հոգեբանական-բարոյական հարցադրումների ամբողջական, նաև արդիական պատկերը:

Հումանիտար հոսքի այս խմբում անցկացված այս «դատավարության» ընթացքում իրենց նախնական գիտելիքները դրսևորելու հնարավորություն ունեցան նաև մեր ապագա իրավաբանները:

Իսկ երբ հնչեց դասավարտի զանգը, «անկախ դիտորդ» Մհերն ասաց.

— Ինչ ափսոս, որ դասը կարճ էր…