Պոսթոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի աշակերտներու առցանց «շրջայցը» Հայաստան

Պոսթոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի աշակերտներու առցանց «շրջայցը» Հայաստան

Մայիսի 24-ին, ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ի կազմակերպութեամբ՝ մեկնարկեց Պոսթոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի աշակերտներու առցանց «շրջայցը» Հայաստան, գլխաւորութեամբ` դպրոցի հայոց լեզուի ուսուցչուհի Տիկին Արտեմիս Մկրտիչեանի։

Առաջին օրուան այցը սկսաւ «Մէկերեան կարպետ»-էն, ուր ներկայ էին նաեւ Երեւանի «Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան» դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն ու անոնց պատմութեան ուսուցչուհի՝ Տիկին Զարուհի Աւետիսեան, մայրենիի ուսուցչուհի՝ Տիկին Վարդուհի Ասատրեան եւ դասղեկ՝ Տիկին Ժանէթ Թահմասեան։ Այցի ընթացքին, ներկայ եւ առցանց միացած երկու դպրոցներու աշակերտները ծանօթացան «Մէկերեանի կարպետ»-ի ստեղծման պատմութեան եւ տեսան գորգի պատրաստման ընթացքը: Այնուհետեւ Աւետիսեան դպրոցի սաները, Պոսթոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի աշակերտները «հիւրընկալեցին» իրենց վարժարան եւ առցանց անոնց ներկայացուցին իրենց շքեղ դպրոցի բաժինները՝ գրադարանը, մարզադահլիճը, տարրալուծարանը, ճաշարանը եւ այլն: Երկու կողմերու աշակերտները իրարու ուղղեցին զիրենք հետաքրքրող հարցեր, արտասանեցին, երգեցին եւ նոյնիսկ պարեցին։

Փոխադարձ շնորհակալական խօսքերէն ետք, Առցանց հանդիպումը աւարտեցաւ՝ հայրենիքի մէջ հանդիպելու եւ ընկերութիւնը ամրապնդելու յոյսով:

Հնատիպ գրքեր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հնատիպ գրքեր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Ավետիսյան դպրոցի՝ տարեցտարի հարստացող գրադարանում քիչ չեն հնատիպ գրքերը, որոնք Երևան են հասել հիմնականում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից արված նվիրատվությունների շնորհիվ: Վերջերս գրող, լրագրող, արևմտահայերենի մասնագետ Հակոբ Միքայելյանի նախաձեռնությամբ դպրոցի գրադարանում կազմակերպվեց այդպիսի 70 գրքերի ցուցադրությունը: Մի քանի օր շարունակ բարձր դասարանների աշակերտները ծանոթանում էին այդ հնատիպ գրքերին, որոնց մեջ կային 1847, 1868, 1872 թվականների հրատարակություններ: Հենց այդ ժամանակ էլ ծնվեց գաղափարը՝ այդ արժեքավոր գրքերը դպրոցական գրադարանից դուրս բերել լայն ասպարեզ, հասու դարձնել հանրությանը, մանավանդ որ տպված լինելով Կ. Պոլսում (մեծ մասը), Նյու Յորքում, Բոստոնում, Փարիզում, Թիֆլիսում թե այլուր՝ դրանցից յուրաքանչյուրը հայ գրքի մի ուրույն, արժևորող ուղի է անցել:

Դպրոցի ղեկավարությունն այդ հարցով բանակցեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հետ, ճշտվեց հարկավոր գրքերի ցուցակը, և այսօր՝ մայիսի 20-ին, հնատիպ գրքերի մի փունջ Ավետիսյան դպրոցից հասցվեց Ծիծեռնակաբերդ:

Նվիրատվությունից և ավանդական լուսանկարումից հետո սկսվեց գործնական ու ջերմ զրույց դպրոցի պատվիրակության և թանգարանի աշխատակիցների միջև: Խոսակցության առանցքն էր մտավորականի, ուսուցչի, դպրոցի և գրքի դերը մեր պատմական ժառանգությունն ու հիշողությունը սերունդներին փոխանցելու, հայրենասիրական դաստիարակությունը հայրենաճանաչության և գրաճանաչության հետ սերտորեն աղերսելու հրամայականը, ինչի իրականացումն էր նաև այսօրվա գործնական քայլը: Ավետիսյան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը պատմեց այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ու հեռանկարային ծրագրերի մասին: Իր հերթին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանը հյուրերին ներկայացրեց թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչման խնդրին առնչվող ուշագրավ փաստերի, տեղեկությունների հետ կապված տեղեկություններ, նաև իրենց ներկա և առաջիկա անելիքները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց դպրոց-թանգարան կապն առաջիկայում ևս գործնական քայլերով հաստատելու մասին: Իսկ հրաժեշտից առաջ թանգարանը դպրոցին նվիրեց իր հրատարակչական նորույթները:

* * *

Ընթերցե՛ք նաև՝

ՀՑԹԻ գրադարանը համալրվել է հնատիպ գրքերով

 

Եղիշե Չարենց. դասը վարում էր Հովիկ Չարխչյանը

Եղիշե Չարենց. դասը վարում էր Հովիկ Չարխչյանը

Այսօր՝ մայիսի 19-ին, Եղիշե Չարենցին նվիրված ամփոփիչ դաս անցկացվեց Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանում:

Ճիշտ ժամին հնչեց դասի զանգը, իսկ 11-րդցիները կազմ ու պատրաստ նստած էին ոչ թե դասասենյակում, այլ դպրոցի ընդարձակ գրադարանում: Եվ ահա ուսուցչուհու՝ Լ. Բախշյանի ուղեկցությամբ ներս է մտնում Չարենցի կյանքի ուսումնասիրող, ժամանակակից գրող Հովիկ Չարխչյանը: Սեղանին նրա գրքերի հրատարակություններն են՝ «Չարենցի կրակոցը», «Սուլամիթա», «Ես՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ»:

Տեղը զիջելով սիրելի հյուրին՝ ուսուցչուհին միանում է իր սաներին, ուղղորդում նրանց՝ մեկը մյուսից հետաքրքիր, բազմաբնույթ, երբեմն նույնիսկ «դավադիր» հարցերը: Իսկ գրականագետ, լրագրող և գրող «ուսուցիչը» հարուստ ասելիքով է եկել. ունկնդիր պատանիների առջև բացվում է Չարենցի ներքին՝ հոգեկան աշխարհն՝ իր գաղտնարաններով, հույսերով ու հույզերով, նրա փշոտ ուղու կեռմաններն ու դարանները, նրա սերերն ու հիասթափությունները, նրա մահվան առեղծվածը…

Իսկ հետո՝ «Հեռացումի խոսքեր», պատանեկան անհամարձակ, բայց և անչափ հուզիչ խոհեր… Նաև անդրադարձ դասականների կողքին ժամանակակից գրողներին կարդալու, նրանց ևս ճանաչելու կարևոր հարցին:

Հայոց դպրոցներում ամենասիրված դասերից մեկը՝ Չարենց բանաստեղծի և մարդու մասին, Ավետիսյան դպրոցում կարծես չի ուզում ավարտվել: Իսկ երբ Հ. Չարխչյանը տեղեկացնում է, որ տպագրության է պատրաստվում հանճարեղ բանաստեղծի մասին իր երկրորդ գիրքը, պարզ է դառնում՝ Չարենց-նամեն մեր դպրոցում անպայման ունենալու է իր շարունակությունը:

Ավետիսյան դպրոցի սաները՝ «Հայաստան ծառատունկ» ծրագրի (ATP) տնկարանում

Ավետիսյան դպրոցի սաները՝ «Հայաստան ծառատունկ» ծրագրի (ATP) տնկարանում

Տևական ժամանակ է՝ Ավետիսյան կրթահամալիրը սերտ համագործակցում է ATP-ի հետ: Բազմաբնույթ ծրագրերի շրջանակներում մեր աշակերտները մասնակցել են տարբեր բնապահպանական միջոցառումների: (ավելին …)

«Ֆրանսիական աքաղաղ»

«Ֆրանսիական աքաղաղ»

Ս/թ մարտի 30-ին հանրապետությունում կայացավ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ֆրանսիական աքաղաղ» ամենամյա մրցույթի 1-ին` դպրոցական փուլը:

«Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթը հայտարարվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, Ֆրանսիայի սոցիալական օգնության հայկական միության և ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների՝ ֆրանսերեն ուսուցանող հանրակրթական դպրոցների 4-ից 12-րդ դասարանների աշակերտների համար:

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթօջախից մրցույթի 1-ին փուլին մասնակցեցին 25 աշակերտ, որոնցից 2-րդ փուլ անցան 11 աշակերտ: Եզրափակիչ փուլը կայացավ ապրիլի 14-ին՝ Ֆրանսիական համալսարանում:

Մեր կրթօջախի 9 սաներ արժանացան I, II, III մրցանակների և խրախուսական պատվոգրերի:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Երրորդ տեղի մրցանակ Հայաստանի պետական հանրակրթական, մասնավոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտների համար անգլերեն լեզվի մրցույթում

Երրորդ տեղի մրցանակ Հայաստանի պետական հանրակրթական, մասնավոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտների համար անգլերեն լեզվի մրցույթում

Մայիսի 1-ին Քեմբրիջի՝ անգլերենի գնահատման կենտրոնի կողմից անցկացվեց անգլերեն լեզվի մրցույթ 8- 9-րդ դասարանի աշակերտների համար: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի մի շարք դպրոցներ: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար յուրաքանչյուր դպրոցից ընտրվեց միայն մեկ աշակերտ։

Ավետիսյան դպրոցում ապրիլին տեղի ունեցավ մրցույթի դպրոցական փուլը և եզրափակիչ փուլի մասնակից ընտրվեց 8րդ դասարանի աշակերտուհի Մարիա Ավդալյանը: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 1-ին ՓԱՍ Ուսումնական և Թեստավորման Կենտրոնում:

Ուսուցիչներն ու ծնողները նույնպես հրավիրվել էին մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին: Ուսուցիչների համար տեղի ունեցավ սեմինար «Oտար լեզվով հաղորդակցվելու կարողության մակարդակը. չափանիշներ և գնահատում» թեմայով, իսկ ծնողներները ծանոթացան Քեմբրիջի՝ օտարալեզու մրցույթներին, քննարկվեցին  դրանց առավելությունները և երեխայի հաջողությունները:

Վերջում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, և միայն երեք մասնակիցներ հայտարարվեցին որպես մրցանակակիրներ: Ավետիսյան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Ավդալյանը ընտրվեց «Հայաստանի դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտների համար անգլերեն լեզվի մրցույթ»-ի երրորդ տեղի մրցանակակիր:

Ավետիսյան դպրոցը շնորհավորում է Մարիային և շարունակում է ձգտել գերազանցության կրթության բնագավառում:

 

THIRD PLACE AWARD IN THE CONTEST IN ENGLISH FOR STUDENTS OF 8th AND 9th GRADES IN ARMENIA

On May 1 a contest in English for students of 8th and 9th grades was held on behalf of Cambridge Assessment English. Only one student from every school was chosen to take part in the final round of the contest. A number of schools from all over Armenia took part in the contest.

The Avedisian School chose Maria Avdalyan as the finalist for the school round of the contest which took place in April. The final round of the contest was held on May 1 at PASS Teaching and Testing Center.

Teachers and parents were also invited to take part in the final stage of the contest. There was a seminar for teachers on the topic “Speaking at B2 Level, Criteria and Assessment” and there was an introductory lecture for parents discussing Cambridge English exams as well as benefits and the child’s success.

In the end the award ceremony took place and only three students were announced as the winners of the contest. Avedisian School Grade 8 student Maria Avdalyan was chosen as the Third Place Winner of the “Contest in English for students of 8th and 9th grades of Armenia”.

The school congratulates Maria for the achievement and continues to strive for excellence in education.